«Ժամանակ». Շահնազարյան. «Ռուս խաղաղապահներին Ղարաբաղում կդիմավորեն ոչ թե աղ ու հացով, այլ արճիճով»
Նմանատիպ
ԱԱԾ նախկին ղեկավար, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անրդադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների վրա գերտերությունների ունեցած ազդեցության խնդրին, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի և անձամբ Պուտինի համար սարսափելի երազ է այն, որ Արևմուտքը պետք է տեղադրի սարքավորումներ շփման գծի երկայնքով, պետք է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էապես ընդլայնվի, այնուհետև այդ նույն առաքելությունը այնտեղ պետք է խախտումների հետաքննություն անցկացնի, այսինքն՝ այն, ինչ ՌԴ-ն համարում էր սուրբ-սրբոցը՝ շփման գիծը, և այստեղ պետք է թողնի անաչառ եվրոպացիների՞ն. ոչ մի դեպքում: 95թ. պայմանագրով չի նախատեսվում դիտորդական առաքելություն: Սա այն է, ինչ երևում է Լավրովի հայտարարություններում բաց:
Ադրբեջանը միայնակ չէր կարող նոր պատերազմ սկսել, թեպետ քառօրյա, ակնհայտ է, որ դրդողը բացառապես եղել է ՌԴ-ն: Այս ծրագիրը, ըստ էության, ծնվել է այն պահին, երբ Ադրբեջանը ՌԴ հետ սպառազինությունների պայմանագիր կնքեց: Այդ սպառազինություններով լկտիացրեց Ադրբեջանին, այնուհետև հրահրեց այս հարձակումը: Սցենարը պարզ է. ստեղծել քաոս, ըստ այդ սցենարի՝ Ադրբեջանը պետք է գրավեր առնվազն երկու տարածք, և կստեղծվեր մի վիճակ, որ Արևմուտքն ինքը կդիմեր ՌԴ-ին՝ խնդրելով վերահսկողություն հաստատել: Այդ սցենարն առայժմ տապալված է, և ՌԴ-ն սա օգտագործեց Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Պատահական չէ, որ քառօրյա պատերազմից հետո միանգամից տեղի ունեցավ այն, ինչին ձգտում էր ՌԴ-ն՝ Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը:
ՌԴ ծրագիրը պարզ է, այս ամենը նախապատրաստել էր տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայելու համար: Այդ շանտաժը, այս քառօրյա պատերազմը հրահրելով, ինչ-որ չափով հաջողվեց, քանի որ Արևմուտքը գնաց ինչ-որ քայլերի, իհարկե՝ ՌԴ երազանքն է, որ իր հետ սկսեն խոսել, բայց ծրագիրը՝ պատերազմի միջոցով հասնել Արցախում ռուսական զինուժի տեղակայմանը, դեռ մնում է:
Ավելացնեմ, որ չգիտեմ, թե Լավրովի գրպանում ինչ կար, բայց համոզված եմ, որ այստեղից դատարկ գրպանով է գնացել. այն թղթերը, կամ ինչպես ընդունված է ասել՝ այն լիստը, որ բերել էր, հույս ունեմ, որ Լավրովը իր գրպանից չի հանել: Կարծում եմ՝ այսօրվա ասուլիսում նրա դիսկոմֆորտ պահվածքի և ընդհանրապես բանակցությունների վրա ազդեցություն է ունեցել ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ցույցը ՌԴ դեսպանության դիմաց»:
Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը այս ամենը նախապատրաստել էր Արցախում ռուսական զինուժի, ռուս խաղաղապահների տեղակայման համար: Սակայն, նրա խոսքով, ռուս խաղապահներին Ղարաբաղում կդիմավորեն ոչ թե աղ ու հացով, այլ արճիճով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում