Տնտեսագետ. ՀՀ-ի խնդիրը՝ տեղական արտադրության մրցունակության բարձրացումն

Տնտեսագետ. ՀՀ-ի խնդիրը՝ տեղական արտադրության մրցունակության բարձրացումն

ԱՎԾ-ն հրապարակվել է հունվար-մարտի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որտեղ տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,5%: Մարտ ամիսը բարձր աճ է գրանցել փետրվարի համեմատ, որը կազմել է 13,8%, բացի այդ այն 6,6% աճ է գրանցել նաև նախորդ տարվա մարտի համեմատ:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հատկանշական է համարում այն փաստը, որ 2016թ.-ից սկսած յուրաքանչյուր ամիս արտահանումը բացարձակ արժեքով աճ է գրանցել:

«Այսպես՝ 2016թ.-ի հունվարին արտահանման ծավալները կազմել են 89.3 մլն դոլար, փետրվարին՝ 136.7 մլն դոլար, իսկ մարտին՝ 149.8 մլն դոլար:

Եթե դիտարկենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ արտահանւմը 2016թ.-ին զգալի աճել է 2015թ.-ի համեմատ: Մասնավորապես այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի հետ համեմատած արտահանման աճը կազմել է 5.7%, փետրվարին աճը եղել է 39.3%, իսկ մարտ ամսին նախորդ տարվա մարտի հետ համեմատած արձանագրվել է 30.3%-անոց աճ: Փաստացի 2016թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ արտահանման աճը կազմել է 26.3%»,- նշեց տնտեսագետը:

Չնայած համեմատաբար փոքր ժամանակահատվածին, ըստ Կ. Խաչատրյանի, այդուհանդերձ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման ուղղությամբ արձանագրված դրական տեղաշարժը:

«Մեր հիմնական խնդիրն այս առումով պետք է լինի տեղական արտադրության մրցունակության բարձրացումն ու արտասահմանյան շուկաներում հայկական բրենդի առաջմղումը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծաայության տվյալների, Տնտեսական ակտիվության աճին նպաստել են հիմնականում արդյունաբերությունը` 8,9% և ծառայությունները՝ 9,6% աճով: Արդյունաբերությունը, իր 8,9% աճը, այս անգամ էլ հիմնականում ապահովել է հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի հաշվին, որն իր հերթին ապահովել է 5% աճ: Գյուղատնտեսությունը նույնպես գրանցել է 3,3%: Թեև մարտ ամսին շինարարությունը 82,9%-ով աճ է գրանցել փետրվարի նկատմամբ, սակայն անցած տարվա հունվար-մարտ ժամանակահատվածի նկատմամբ այն ունեցել է 2,2 % անկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում