Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը Ուրուգվայի հայերը շեշտադրել են նաև Արցախի հարցը
Նմանատիպ
Ուրուգվայի հայ համայնքը ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է անցկացրել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով prensaarmenia.com.ar կայքը, հանրահավաքի ընթացքում կոչեր են հնչել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
«Մեր պայքարը ժխտողականության և ներկա ստերի դեմ է: Դրանք ուղղակի անցյալի հարցեր չեն: Պետք է դադարել Հայոց ցեղասպանությունն ընկալել որպես հեռավոր անցյալի մի երևույթ կամ մի փաստ, որն ուղղակի պետք է հիշել արցունքներով: Այդ ճանապարհը տանում է միայն մոռացության: Եթե պատմությունները չեն վերապատմվում, դրանք մոռացվում են: Լռությունը ցեղասպանության հաղթանակն է»,- տարբեր ելույթներում նշում էին Ուրուգվայի հայ երիտասարդները:
Հանրահավաքից հետո հարյուրավոր հայ երիտասարդները երթով անցան Ուրուգվայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ Անկախության հրապարակից դեպի Մոնտեվիդեոյի քաղաքապետարան:
Քաղաքապետարանի առջև հնչած ելույթներում նաև շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ձեռնարկած վերջին ագրեսիայի հարցը: Ուրուգվայի հայերը դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և իրենց համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը ձգտում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ինքնորոշման իրավունքի հիմքով:
«Միժամանակ մենք դատապարտում ենք Թուրքիայի կառավարության, Էրդողանի ամոթալի աջակցությունն Ադրբեջանին, որը համարում ենք 101 տարի առաջ սկսված Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունը»,- նշել են ցույցի մասնակիցները:
Ապրիլի 25-ին նմանատիպ ցույցեր կկազմակերպվեն նաև Արգենտինայի Կորդոբա և Բուենոս Այրես քաղաքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում