ԻՊ-ին միացած ադրբեջանցի աղջիկները իրենց հորը խնդրում են նույնպես միանալ ահաբեկչական խմբավորմանը
Նմանատիպ
Սիրիայում իրենց մոր հետ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միացած Ադրբեջանի բնակիչ Իլգար Յուսիֆովի երկու անչափահաս աղջիկները նոր տեսանյութով դիմել են իրենց հորը միանալ ԻՊ-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AzNews.az լրատվական կայքը, Իլգար Յուսիֆովի կրտսեր աղջիկը` Լալեն տեսանյությում հորը խնդրում է գալ իրենց մոտ, քանզի վախենում է, որ ռումբերը կարող են ընկնել նաեւ իրենց վրա:
Իլգար Յուսիֆովը բազմիցս դիմել է Ադրբեջանի պատկան մարմիններին` խնդրելով օգնել հետ բերել իր ընտանիքին, սակայն ոչ մի կառույց չի արձագանքել նրա դիմումներին:
Կայքը գրում է, որ Ադրբեջանում ոչ մի պետական մարմնի, լինի ոստիկանությունը կամ արդարադատության նախարարությունը, չի հետաքրքրում այն փաստը, որ իր քաղաքացիները ապօրինաբար դուրս են բերվում երկրից եւ ներգրավում ահաբեկչական խմբավորումների մեջ:
«Ակնհայտ է, որ մայրը եւ երկու մանկահասակ երեխաները չէին կարող ինքներն անօրինական ճանապարհով հատել Ադրբեջանի սահմանը եւ միանալ ԻՊ-ին: Անկասկած, նրանց Սիրիա է տարել հանցագործ ցանցը…Այն, որ ամիսներ շարունակ Ադրբեջանի պատկան մարմինները չեն արձագանքում Իլգար Յուսիֆովի դիմումներին, ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններին չի հետաքրքրում ոչ միայն երեխաներին հայրենիք վերադարձնելը, այլև ընդհանրապես որեւէ միջոց չեն ձեռնարկում նրանց Սիրիա տարած ցանցը վնասազերծելու ուղղությամբ», -գրում է կայքը:
Ահաբեկչության դեմ պայքարի West Point կենտրոնի տվյալներով` 2013-2014 թվականներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը Ադրբեջանից միացել են 107, Թուրքիայից` 212 քաղաքացիներ:
The Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին` 2015 թվականի դեկտեմբերյան զեկույցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից ժամանած հարյուրավոր անձինք:
Նշվել էր, որ պաշտոնական տվյալներով` ԻՊ-ի շարքերում 104 ադրբեջանցիներ կան, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 216 է: Նշվել էր նաեւ, որ Սիրիայից եւ Իրաքից արդեն 49 մարտիկ վերադարձել է Ադրբեջան: Զեկույցում ընդգծվել էր, որ ԻՊ-ի կազմում կռվելու համար Ադրբեջանից ժամանում են հիմնականում Սումգայիթ, Շաբրան, Գուսար քաղաքներից հավաքագրված քաղաքացիներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ ներկայում կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ:
2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում