Հակամարտությունը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է. Բաքվի ջարդերի ականատես

Հակամարտությունը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է. Բաքվի ջարդերի ականատես

Բաքվում ծնված ու մանկության առաջին տասը տարիներն Ադրբեջանի մայրաքաղաքում ապրած փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, կոչ է անում հստակ գործողություններով պայքարել մարդկության քաղցկեղ դարձած ցեղասպանությունների դեմ: «Ցեղասպանություն գաղափարախոսությունն ապրում է մինչև այսօր: Ցեղասպանությունները, էթնիկ զտումները խնդիր են բնակչությունների, տնտեսությունների համար: Տարբեր միջազգային պայմանագրեր չունեն բավականաչափ զսպիչ ուժ, որ կանխեն ցեղասպանությունները, որ այսօր էլ տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Ցեղասպանության տարրերը իսկապես եռում են Արցախում, որտեղ վերջերս քաղաքացիական անձինք են սպանվել, ինչի առնչությամբ աշխարհի հզորները միայն մտահոգություն հայտնեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Աննա Աստվածատրյանը: Հայազգի փաստաբանն ու գրողը, վկայակոչելով Հեմինգուեյի խոսքերը` «երբեք մի խառնեք շարժումը գործողության հետ»` նկատեց, որ որոշ շրջանակների համատեղ ու լավ մտադրությունները բավականաչափ չեն կանխարգելելու ցեղասպանություն հանցագործությունը: «Այդ մտադրությունները պետք է դառնան գործողություններ, եկեք այս դարը դարձնենք ցեղասպությունների կանխման դար, որ կկոչվի` «Այլևս երբեք»»,-ասաց Աննա Աստվածատրյանը:

Նա խոսեց 1988-ին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածների վերաբերյալ` իր պապի, իր ընտանիքի ու հատկապես իր մանկությունը խեղած պատմության համատեքստում:

Բանախոսը նշեց, որ իր պապի կողմից Աստվածատրյան ազգանունը ռուսականացնելու, Աստվածատուր դարձնելու շնորհիվ իր ընտանիքը 1988-ին խուսափեց ջարդերից, ողջակիզումից ու վայրագաբար սպանվելուց: Բայց նրա հիշողության մեջ վառ են հարցերը, որոնք առաջանում էին իր մոտ ջարդերի օրերին: «Ես ծնողներիս հարցուփորձ էի անում, թե ինչու պետք է թաքցնեմ իմ ազգությունն ու ասեմ, որ ես հույն եմ, երբ դպրոցում ինձ հարցնում էին այդ մասին: Ես հարցնում էի, թե ինչու էին սև ու կանաչ հագած մարդիկ իմ տան մոտ բղավում` «մահ հայերին»: Վերջապես իմ հարցերը դադարեցին, երբ իմ ծնողները կարողացան ամիսներ անց փախչել այնտեղից: Ես երեխայի աչքերով կարողացա զգալ էթնիկ բռնություններն ու դրանց սարսափը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ իր սփոփանքը գտավ օրագիր պահելու մեջ, որը հրապարակեց 2010 թվականին:

«Ես հրապարակեցի իմ օրագիրը որպես անցյալի պատմություն, բայց դա նաև մեր ներկան է: Այն կոնֆլիկտը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է: Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու150 հազար հայեր են ապրում Ղարաբաղում, ովքեր էթնիկ առումով թիրախ են Ադրբեջանի կողմից ամեն օր»,- եզրափակեց Աննա Աստվածատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում