Առանց առերեսման ցեղասպանությունները չեն ավարտվի. ակցիա Թուրքիայում
Նմանատիպ
Ստամբուլի Շիշլի թաղամասում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակության ակցիա է տեղի ունեցել: Ակցիան անցկացվել է Ստամբուլի կայարանի մոտ, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկսման սկզբնակետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) տեղի բաժանմունքի կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են սպանված հայ մտավորականների, գրողների, արվեստագետների, մտածողների լուսանկարները: Նրանք հնչեցրելեն Թուրքիայի իշխանություններին ուղղված լոզունգներ՝ «Առանց առերեսման` ցեղասպանությունները չեն ավարտվի» բովանդակությամբ:
Պոլսահայերի հետ միասին ակցիային մասնակցել են մեծ թվով թուրքեր, քրդեր, ասորիներ, եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք Թուրքիայից պահանջել են առերեսվել Հայոց ցեղասպանության հետ:
ԺԴԿ Շիշլիի բաժանմունքի համանախագահ Մահմութ Չավլըն կուսակցության անունից ունեցած ելույթում հայտարարել է, որ թուրքական պաշտոնական քաղաքականությանը դեմ հասարակական շերտերը դեմ են Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ իշխանությանն ընդդիմացողներին վերացնող Անկարայի քաղաքականությանը:
Չավլըն հայտարարել է, որ «տեղահանության» անվան տակ թուրքական պետությունը հայերին մահվան է դատապարտել:
«Ցեղասպանությունը չի ավարտվել: Այն շարունակվել է նրանց ունեցվածքի թալանով: Այն շարունակվում է այսօր էլ, ինչի ցուցանիշը ոչ մահմեդական ժողովուրդների հետ Հրանտ Դինքի, Սեւակ Բալըքչըի եւ Մարիցա Քյուչյուքի դեմ կազմակերպված հանցագործություններն են», –ասել է քաղաքական գործիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում