Ագրամունտին վերադաստիարակելը հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը չէ. Նաիրա Զոհրաբյան

Ագրամունտին վերադաստիարակելը հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը չէ. Նաիրա Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատում վեհաժողովի գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության աշխատանքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԵԽԽՎ աշխատանքը երկու հատվածներ ունի՝ այսբերգի երևացող հատվածը՝ հրապարակային ելույթները, նաև այն հատված ը, որը շատ ավելի կարևոր է՝ ոչ հրապարակայինը: «Եթե մենք նախապես կամ անելու ժամանակ հրապարակենք, թե ինչ ենք անում, ում հետ ենք հանդիպում, ինչ ենք քննարկում, դա բացարձակ անլուրջ կլինի, քանի որ ադրբեջանական պատվիրակությունն անմիջապես կկիրառի դրա հակամեխանիզմները: Ես պատվիրակության աշխատանքը գնահատում եմ դրական: Դուք կարող եք տեսնել միայն վեհաժողովի լիագումար նիստը, սակայն մենք բավականին լուրջ աշխատանք ենք տանում նաև քաղաքական խմբերում և հանձնաժողովներում: Մենք նաև հանդիպումներ ենք ունեցել վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորը հստակեցրեց, որ դրանք եղել են փակ հանդիպումներ, որոնց ընթացքում հայկական պատվիրակության ներկայացուցիչները իրենց օտարեկրացի գործընկերներին ներկայացրել են Արցախում ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները, ինչի մասին վկայող լուսանկարներ են ցույց տվել՝ արված Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից: «Մենք այդ լուսանկարները նրանց ցույց ենք տվել: Կային մարդիկ, ովքեր ցանկանում էին իրենց հետ վերցնել այդ լուսանկարները և իրենց ազգային խորհրդարաններում քննարկման առրկա դարձնել այդ հարցը, սակայն մենք լուսանկարները չենք տրամադրել նրանց, որովհետև եթե դրանք որևէ լրատվամիջոցում հրապարակվեն, էթիկայի լուրջ խախտում կլինի, քանի որ դրանցում կան շատ դաժան կադրեր»,– նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը անսպասելիորեն չի փորձել կոկորդը պատռելով հակադարձել, որ Ադրբեջանը ագրեսոր չէ և որ Ադրբեջանն նախահարձակ չի եղել: «Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ Եվրոպայի խորհրդի առնվազն 3 երկիր՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և Ադրբեջանի կողմից անիմաստ կլիներ հերքել, որ հենց իրենք են սկսել ռազմական ագրեսիան: Նրանք փորձում էին ընդհանուր ներկայացնել, որ հայկական կողմից եղել է սադրանք, ինչի հետևանքով սկսվել ե ն ռազմական գործողություններ: Մենք ծանոթ ենք ադրբեջանական պատվիրակության գործելաոճին և կարող ենք ասել, որ նրանք առաջին անգամ ավելի զուսպ էին իրենց հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե հայկական պատվիրակությանը հաջողվե՞ց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին համոզել, որ իրականում ագրեսորը հենց Ադրբեջանն է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը չէ հայկական պատվիրակության գործը: «Ես չեմ կարծում, որ Պեդրո Ագրամունտին վերադաստիարակելը պետք է լինի հայկական դիվանագիտության և հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրը: Ագրամունտը հրաշալի տեղեկացված էր՝ ով է ագրեսորը, նա շատ լավ գիտի, թե ինչ բարբարոսություններ է արել Ադրբեջանը, բայց բացարձակապես այլ հարց է նրա և նրա ընտանիքի անձնական շահը: Եթե մենք մեր առաջ խնդիր դնենք վերադաստիարակել Ագրամունտին կամ Ադրբեջանի այլ եվրոպացի լոբբիստներին, մենք շատ սխալ ճանապարհի վրա կլինենք: Մեր հրապարակային ելույթներում ասել ենք, որ Ագրամունտը Ալիևի խամաճիկը և կամակատարն է: Իսկ երբ լիագումար նիստի ընթացքում ես ասացի, որ Ագրամունտը Ալիևի մամուլի խոսնակն է, նա որևէ կերպ չարձագանքեց և շատ հանգիստ տարավ Ալիևի մամուլի խոսնակը լինելու մասին հայտարարությունը: Մինչդեռ, նա իրավունք ուներ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք վերցնել և արձագանքել»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում