Բանակի համար փող հավաքելու Ադրբեջանի իշխող կուսակցության կոչին արձագանքել է անդամների ընդամենը 0,1 տոկոսը

Բանակի համար փող հավաքելու Ադրբեջանի իշխող կուսակցության կոչին արձագանքել է անդամների ընդամենը 0,1 տոկոսը

Զինված ուժերի վրա միլիարդավոր դոլար գումարներ ծախսելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան ռազմական ագրեսիայում ջախջախիչ պարտության հետևանքով 170 մլն դոլարի սպառազինություն եւ հայուրավոր զինծառայողներ կորցրած Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) կողմից բանակի համար հասարակությունից փող հավաքելու կոչին արձագանքել է ԵԱԿ անդամների ընդամենը 0,1 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadliq.info-ն գրում է, որ ԵԱԿ-ը կոչով դիմել էր իր անդամներին եւ ադրբեջանական հանրությանը աշխատավարձի 20 տոկոսը փոխանցել ԶՈւ նյութատեխնիկական բազան ուժեղացնելու գործին:

Թերթը զարմանք է հայտնել ԵԱԿ-ի այդ նախաձեռնության առնչությամբ` նշելով, որ միայն 2015 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 7 մլն-ից ավելի մանաթ, եւ բնակիչների աշխատավարձից 20 տոկոս հավաքելու փոխարեն, նա կարող էր իր եկամտից մի քանի միլիոն մանաթ փոխանցել ԶՈւ օգնության հիմնադրամին:

«Սեփական գովազդն անելու փոխարեն, իշխող կուսակցությունը թող լուծի 20 տարուց ավելի «արյան փողը» ստանալ չկարողացող 13 500 զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները: Եթե նրանք իսկապես բարեգործ եւ հայրենասեր են, թող վճարեն զոհվածների ընտանիքներին հասանելիք ապահովագրական գումարները: Հակառակ դեպքում, խուսափելով գխավոր հարցից, սեփական գովազդով զբաղվելը խայտառակ պատկեր է ստեղծում», -գրում է թերթը:

Ըստ թերթի` ԵԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել են, որ ԶՈւ օգնության հիմնադրամին փոխանցում է կատարել կուսակցության 660 անդամ` չնշելով փոխանցված գումարի չափը:

«ԵԱԿ-ի վերջին հայտարարությունների համաձայն` կուսակցությունը 650 հազար անդամ ունի: Բնական է, որ այդչափ մարդ կուսակցությանն անդամակցել է ոչ կամավոր: Ակնհայտ է, որ «սեւ ցուցակում» չհայտնվելու համար ԵԱԿ-ի բեռը ստիպված տարել են բյուջետային աշխտողները, ուսանողները, թոշակառուները, ինչի ապացույցը հենց այն է, որ կոչին արձագանքել է ԵԱԿ-ակամների ընդամենը 0,1 տոկոսը: ԵԱԿ տոմսը կրողների կողմից ամբողջ երկրով մեկ տարվող պրոպագանդայից հետո կոչին չի միացել անգամ կուսակցության անդամների մեկ տոկոսը: Ամեն ամիս ԵԱԿ-ականներից հարկադիր անդամության ա նդամավճար է հավաքվում, այն դեպքում, երբ այդ մարդիկ իրենք օգնության կարիք ունեն եւ թաղված են վարկային ճահճում», -գրում է թերթը:

Թերթը նշում է, որ ոչ ոք էլ չի հավատում, որ երկրի առողջ ուժերին շարքից հանելու գործին ծառայողները կարող են օգնել զինված ուժերին, քանի որ ադրբեջանական կառավարության էությանը քաջատեղյակ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող լուրջ ընդունել նրա կողմից արված որեւէ առաջարկ:

«Մեկ անգամ էլ ենք կրկնում, որ եթե նպատակն իրականում բանակին օգնելն է, ապա իշխող կուսակցությունը դա կարող է անել առանց որեւէ մեկի աշխատավարձից պահելու հաշվին: Բայց արդյունքն այն է, որ կառավարությունն անկեղծ չէ, եւ դա ստիպված են անել միայն կուսակցության տոմսը կրող շարքային քաղաքացիները», -ամփոփել է թերթը:

Իրենց անունները հրապարակել չցանկացած մի խումբ ուսուցիչներ azadliq.org կայքին հայտնել են, որ տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանը պետական մակարդակով հարկադրաբար փող է հավաքում սեփական բանակը պահելու եւ զինելու համար:

Նրանք հայտնել են, որ Ադրբեջանի կրթության նախարարությունը զինված ուժերին օգնության նպատակով ուսուցիչների աշխատավարձից, առանց նրանց տեղյակ պահելու, պահումներ է սկսել կատարել` փոխանցելով դրանք ԶՈւ օգնության հիմնադրամին:

Փաստը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԿԳ տեղեկատվական ծառայության ղեկավար Ջեսարեթ Վալեհովը` Facebook-ի իր էջում գրառելով, թե իբր, ուսուցիչները դա անում են «սեփական նախաձեռնությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում