ՀՀ ԿԳ նախարարը գիտության որոշ ճյուղերին հասցեական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն է տեսնում
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտաշխատողների մրցույթի մասնագիտական խորհրդի նիստը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2015 թվականի մրցույթի արդյուքները: Մրցույթը հայտարարել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մրցույթի շրջանակում դիտարկված հայտերի համառոտ վիճակագրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնց գնահատման հիմնական ցուցանիշն եղել է գիտական գործունեության ակտիվությունն ու արդյունավետությունը: Մրցույթին առցանց եղանակով ներկայացվել է 131 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 31 գիտնական: Հաղթողները ընթացիկ տարում կստանան պետության կողմից սահմանված համապատասխան հավելավճարներ:
Կարևորելով գիտական մրցույթների նշանակությունը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հաղթողների և ներկայացված հայտերի արդյուքները պետք է դառնան վերլուծության հիմք՝ վեր հանելու համար ոլորտի խնդիրները. «Ներկայացված հայտերն ու արդյուքները մեզ համար պետք է կողմնորոշիչ նշանակություն ունենան, որպեսզի բացահայտենք, թե գիտության հատկապես որ ճյուղերում ունենք լուրջ խնդիրներ: Մեր հետագա քաղաքականությունը պետք է միտված լինի գիտության համապատասխան ոլորտների պատասխանատուներից իրավիճակի պարզաբանումներ ստանալու և վտանգված ճյուղերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդի նիստում աշխատանքային կարգով քննարկվել են նաև օրակարգի մյուս հարցերը, որոնք վերաբերել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2016 թվականի մրցույթին և ընթացիկ մի շարք այլ հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում