Մեխիկոյում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մեխիկոյում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին, Մեխիկոյում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, պատարագից հետո քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի է ունեցել արարողություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մեքսիկահայ համայնքը և մեքսիկացի մտավորականները: Արարողության ընթացքում տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915թ. իրադարձությունները վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկոյին, վերածվել է ցեղասպանության զոհերի հուշարձանի:

Այնուհետև Մեքսիկայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ելույթ է ունեցել և ծաղկեպսակ զետեղել հուշարձան-ժամացույցի մոտ:

Արարողության ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերի հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում