ՀՀ ԱԳ նախարարը Լիբանանի աշխատանքի նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման քայլերը
Նմանատիպ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ալ-Ազզիի ապրիլի 25-ին Երևանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման քայլերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ նշելով. «Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից և բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ալ-Ազզին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը Երևանում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին։ Նա հավելեց, որ Լիբանանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ամրապնդումը և պատրաստակամ է հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Ալ-Ազզիի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Մտքեր փոխանակվեցին տնտեսական համագործակցության խթանման ուղիների շուրջ, ընդգծվեց հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերականգնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումներին, իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում