Ականատեսը պատմել է Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունի մասին

Ականատեսը պատմել է Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունի մասին

Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունի ականատեսներից մեկն իր բնակարանում հեռախոսով է խոսելիս է եղել, երբ ուժեղ ձայն է լսել: «Այդ պահին տանը հեռախոսով խոսում էի, և ուժեղ ցնցում զգացվեց` ձայնի հետ: Դուրս թռանք` մտածելով, թե ինչ-որ բան պայթեց: Վազեցինք, եկանք և տեսանք, որ ավտոբուսն արդեն պայթել է: Մեկ-երկու հոգու հասցրինք օգնել, մեքենայի մեջ տեղավորել: Այդ ընթացքում շտապօգնությունը չէր էլ կարող մոտենալ, քանի որ ճանապարհը փակ էր, պատահական մարդկանց, ոստիկանության մեքենաներով ուղարկեցինք նրանց (խմբ.վիրավորներին)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է տղամարդը:

Ականատեսի խոսքով` իր առաջին տպավորությունն այն էր, որ կամուրջը պայթեց, քանի որ ցնցումը շատ ուժեղ է եղել: Կոտրվել են փողոցի վրա գտնվող շենքի բնակարանների ապակիները:

«Փողոցի վրա մեքենա կար կանգնած, մեքենայի հետևի ապակին կոտրվել է»,-տեղեկացրել է ականատեսը:

Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ավտոբուսի պայթյունի հետևանքով ապրիլի 26-ի ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կա 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է:

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստիառթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պայթյունը ֆիքսել են ճանապարհային տեսախցիկները։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ Ոստիկանապետը չի բացառել, որ պայթող նյութը այդ նստատեղին նստած անձի մոտ է եղել, ում ինքնությունը պարզելու համար աշխատանքներ են տարվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում