Կորյուն Նահապետյանը չի բացառում Զինված ուժերում նոր պաշտոնանկությունների հավանականությունը
Նմանատիպ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ տեղի են ունեցել չարաշահումներ, ինչի արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ: «Սա նշանակում է, որ կոնկրետ բարձրաստիճան անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, և դրա հիման վրա կայացվել են համապստախան որոշումներ: Կարծում եմ, որ իրավիճակի խորքային վերլուծություն է կատարվել, կայացվել է համապատասխան որոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով քրեական պատասխանատվության մասին հարցին՝ Նահապետյանը նկատեց, որ այդ հարցը առաջ կգա, եթե կատարել է հանցագործություն: «Քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն անձը, ով կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն: Տվյալ դեպքում մենք չունենք նման փաստ: Եթե դուք ունեք, կարող եք ներկայացնել այդ փաստը»,- մանրամասնեց պատգամավորը:
Կարյուն Նահապետյանը չբացառեց, որ սրան կարող են հետևել նաև այլ պաշտոնանկություններ: Նրա խոսքով՝ դա հնարավոր է: «Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, և դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են նաև այլ ներկայացուցիչներ ենթարկվել պատասխանատվության, այդ թվում՝ նաև կարգապահական պատասխանատվության»,- ընդգծեց նա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Ալիկ Միրզաբեկյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել նաև Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում