Լուկաշենկոն խոստանում է լուծել Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժած շրջանների խնդիրները
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստանում է առաջիկա հինգ տարում լուծել հանրապետության այն շրջանների խնդիրները, որոնք տուժել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Լուկաշենկոն ավանդաբար ապրիլի 26-ին այցելում է Բելառուսի՝ չեռնոբիլյան վթարից տուժած շրջաններ:
«Սկսված հնգամյակի ընթացքում, բոլոր խնդիրներով ու դժվարություններով հանդերձ, մենք վերջնականապես կլուծենք այն բոլոր հարցերը, որոնք կապված են մեր երկրի հարավի հետ, որպեսզի այդ տարածքները մոռանան տեղի ունեցած ողբերգությունը»,-Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Բելառուսի «Բելտա» պետական գործակալությունը:
Միեւնույն ժամանակ Բելառուսի ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները ճիշտ են վարվել՝ գնալով Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետից տուժած տարածքների վերականգնման ուղիով:
Այսօր լրանում է ատոմային էներգետիկայի պատմության մեջ խոշորագույն աղետի՝ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի երեսուն տարին: 1986 թվականի ապրիլի լույս 26-ի գիշերը Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցան պայթյուն եւ հրդեհ:
Պայթյունի հետեւանքով ռեակտորն ամբողջովին ավերվեց, շրջակա միջավայր արտանետվեցին մեծ քանակությամբ ճառագայթաակտիվ նյութեր, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի, ցեզիում-134-ի, ստրոնցիում-90-ի իզոտոպներ:
Երեսունկիլոմետրանոց գոտուց հարկադրաբար տարահանվեց ավելի քան 115 հազար մարդ, գյուղատնտեսական շրջանառությունից հանվեց շուրջ 5 միլիոն հեկտար հող, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում