Չինաստանում կայացել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Չինաստանում կայացել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Չինաստանում ՀՀ դեսպանությունում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Պեկինի Միջոցառմանը մասնակցել են Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ, ինչպես նաև Պեկինում ապրող սփյուռքահայեր։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ Հայաստանն այսօր միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ և այս օրերին Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը նպատակ ունի ընդգծելու ցեղասպանությունների կանխարգելման հրատապությունը և բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ, դատապարտելու մարդկության հանդեպ իրականացվող հանցագործությունները և համախմբելու ջանքերը՝ արդյունավետ լուծումներ գտնելու մեր օրերում վերստին հրատապություն ստացած երևույթների դեմ: Իր խոսքում դեսպանը նաև ընդգծեց, որ պատմական արդարության վերականգնման գործում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է լինի ոչ միայն հայ ազգի, այլև համայն քաղաքակիրթ մարդկության պայքարը՝ նմանօրինակ դաժան հանցագործությունների կրկնությունը բացառելու համար:

ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադառնալով այս տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ Սերգեյ Մանասարյանը նշեց, որ ԼՂ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։

Դեսպանի ելույթին հաջորդեց օրվա խորհրդը ներկայացնող վավերագրական ֆիլմի ցուցադրություն:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Շանհայ, Հոնկոնգ, Նանկին, Գուանջոու և Շենժեն քաղաքներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում