Պետք է վերացնել երթուղայինի լավ գիծ, վատ գիծ հասկացությունը և գծատերերը դադարեն խաղի կանոններ թելադրել. Պիպոյան

Պետք է վերացնել երթուղայինի լավ գիծ, վատ գիծ հասկացությունը և գծատերերը դադարեն խաղի կանոններ թելադրել. Պիպոյան

63 համարի երթուղու  ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը որևէ առնչություն չուներ տեխնիկական անսարքության հետ, բայց հասարակության առաջին արձագանքն ավտոբուսի անսարքության վերաբերյալ էր, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, թե ինչ իրավիճակ է հասարակական տրանսպորտի ոլորտում, և դա մի օր լուրջ խնդիր է դառնալու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ առաջին հերթին պետք է սահմանել հավասար խաղի կանոններ, կենտրոնացնել տրանսպորտային համակարգը, որից չեն տուժի գործող տնտեսվարող սուբյեկտները, միաժամանակ նոր տնտեսվարողներ կմտնեն ոլորտ:

«Պետք է վերանա երթուղայինի լավ գիծ, վատ գիծ հասկացությունը: Անհրաժեշտ է սահմանել հավասար պայմաններ երթուղիները սպասարկող բոլոր ընկերությունների համար: Հակառակ դեպքում երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ շարունակելու են ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա, իսկ մյուսները՝ դադարեցնել շահագործումը»,-շեշտեց Պիպոյանը:

Ըստ նրա՝ ավտոբուսային գծերը կառուցվել են այնպես, որ դրանք միկորավտոբուսային գծերին այլընտրանք չդառնան. 2013 թվականին կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ  օրվա պիկ ժամին բոլոր միկրոավտոբուսների ընթացքի մեջ լինելու դեպքում յուրաքանչյուրին բաժին է ընկնում միջինը 25 ուղևոր, իսկ  ավտոբուսներին՝ 15-ական:

Ընդհանուր թվերով՝ միկրոավտոբուսներին պիկ ժամերին բաժին է ընկնում 32.000 ուղևոր, ավտոբուսներին՝ 5300.«Ստացվում է, որ միկրոավտոբուսում գերծանրաբեռնված վիճակ է, ավտոբուսում` ոչ: Հետևաբար, պետք է երթուղայինի ցանցը վերանայվի: Ներկայիս երթուղային գծերը միմյանցից էականորեն տարբերվում են եկամտաբերությամբ: Մեկ ավտոմեքենան օրական կտրվածքով տեղափոխում է 3 անգամ ավելի մարդ, քան մյուս գծի ավտոմեքենան: Ստացվում է, որ բոլոր երթուղային ավտոմեքենաների ծախսը նույնն է, բայց եկամուտը էականորեն տարբեր»:

Սպառողների իրավունքների պաշտպանի պնդմամբ, առանց նոր ներդրումների հնարավոր է 100 դրամ ուղեվարձի պարագայում արդիականացնել  համակարգը և ունենալ լավ սպասարկում, եթե պետությունը թեթևացնի հարկային բեռը, միաժամանակ մասնավորի առջև հստակ պահանջներ դնի. «Ենթադրենք տրանսպորտը պետք է շահագործվի 115 դրամով, սակայն եթե պետությունը ազատի այն դիզվառելիքի հարկային բեռը, որն ուղղված է հանրային տրանսպորտին, կունենանք հարյուր դրամով մատչելի և որակով տրանսպորտային համակարգ»: Այս ամենը լավ ասված է, և թերևս հնարավոր է, բայց խնդիրն այն է, որ այսօր խաղի կանոններ թելադրող գծատերերը նստած են իշխանական օղակներում, այսինքն՝ նախ այս խնդիրը պետք է լուծվի, և «դրսից» տնտեսվարողներ հնարավոր լինի բերել՝ ընձեռելով արդար մրցակցային կանոններ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում