14 երկրների բարձրագույն վերահսկման մարմիններ Հայաստանում քննարկում են արդյունավետ աուդիտի հարցեր

14 երկրների բարձրագույն վերահսկման մարմիններ Հայաստանում քննարկում են արդյունավետ աուդիտի հարցեր

Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացվում է Հայաստանում` Ծաղկաձոր զբոսաշրջային քաղաքում, որին մասնակցում է 14 երկրի 40 պատվիրակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման բարձր մակարդակի մասնագիտական միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Հանձնաժողովի ղեկավարությունն իրականացնող Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի աուդիտոր Տատյանա Մանույլովան, բացելով նիստի աշխատանքները, շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար: Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին` ռուս պաշտոնյան նկատեց, որ համաշխարհային տնտեսության աճի նվազման ներկայիս միտումները, նավթի ցածր գները, արդիական են դարձնում միջազգային հանրության ջանքերի համատեղումն աշխարհում կայուն զարգացում ապահովման համար: «ՄԱԿ-ի նոր լայնածավալ օրակարգը, որն աշխարհի վերաձևավորման նպատակն ունի, ներառվում է նպատակներ ու խնդիրներ, որոնք ուղղված են տնտեսական աճին, սոցիալական ինտեգրմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: Նշյալ հարցերում ավելի ու ավելի կարևորվում է ազգային կառավարությունների, վիճակագրական ծառայությունների և բարձրագույն վերահսկման մարմինների դերակատարությունը»,- ասաց Տատյանա Մանույլովան:

Այս իմաստով պաշտոնյան կարևոր համարեց ՄԱԿ-ի և INTOSAI-ի միջև համագործակցության հուշագիրը, որն ուղղված է պետական կառավարման ակտիվության, արդյունավետության, հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը` բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքի ամրապնդման միջոցով:

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` չնայած վերոնշյալ հանձնաժողովը ամենաերիտասարդներից է, բայց միջազգային փորձագետների գնահատմամբ` ամենահեռանկարայինն է: «Ներկայում, երբ համաշխարհային, տարածաշրջանային և ազգային տնտեսությունների առջև ծառացել են մի շարք բարդ խնդիրներ, այս հանձնաժողովի դերն ավելի է մեծանում, քանզի աուդիտի արդյունքները կարող են օգտագործվել նաև երկրի համար առավել կարևոր ռազմավորությունների մշակման ու իրականացման գործում»,-հայտնեց պաշտոնյան:

Նրա խոսքով` ներկայում ոլորտի մասնագետները հանգում են հարցերի, թե ինչպես տնօրինել պետությունների, ժողովուրդների ժառանգությունը, ինչպես պահպանել ու բազմապատկել դրանք, ինչպիսին են լինելու երկրները տասը-քսան տարի հետո: «Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում, որ արդյունավետ վերահսկման միջոցով վաղվա օրն ավելի լավը կլինի, երկրներն էլ կդառնան տնտեսապես ավելի հզոր ու կայուն»,- ասաց Իշխան Զաքարյանը` հավելելով, որ բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքն այս հարցում պետք է լինի բոլոր ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման մ ասին բարձրաձայնումն ու հաջողությունների արձանագրումը:

«Արտաքին բացասական ազդակները շարունակվում են, իսկ մենք` վերահսկիչներս, աշխատանքի բարձր տեմպը պահելու լուրջ խնդիր ունենք: Վերահսկողության սլաքները անհրաժեշտ է կենտրոնացնել ինչպես բյուջետային մուտքեր ապահովելու, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության խնդիրների վրա»,-ավելացրեց Իշխան Զաքարյանը:

Անդրադառնալով ազգային առանցքային ցուցանիշի աուդիտի համակարգի ստեղծմանը` Զաքարյանը նկատեց, որ դա բարձրագույն վերահսկիչ մարմիններին թույլ է տալիս իրականացնել ռազմավարական բնույթի աուդիտներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել երկրի ռազմավարական ծրագրերի իրագործման աստիճանը: Նշելով, որ շուրջ քսան երկիր, այդ թվում` Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեյցարիան, Անգլիան, Լեհաստանը, Ճապոնիան, ունի առանցքային ազգային ցուցանիշների հստակ համակարգ, հայ պաշտոնյան անհրաժեշտ համարեց փորձի փոխանակման ակտիվացումը, միմյանց աջակցմանն ուղղված համատեղ ծրագրերն ու աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի պատվիրակ Ավգուստո Նարդեսը որպես աշխատանքային խմբի նոր անդամ: Նա կիսվեց իրենց երկրում բարձրագույն վերահսկման մարմնի աշխատանքի առանձնահատկություններով` տեղեկացնելով, որ հաջորդ տարի նշյալ հանձնաժողովի նիստը հյուրընկալելու է իրենց երկիրը:

Բրազիլացի պատվիրակը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին` նշելով, որ կիսում են հայերի ցավը:

Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովին անդամակցում է 22 պետություն` Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Ավստրիա, Բուլղարիա, Չինաստան, Ֆինլանդիա, Հունգարիա, Իտալիա, Ղազախստան, Լիտվա, Պակիստան, Լեհաստան, Սլովակիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մոլդովա, Բրազիլիա, Զամբիա, ՀԱՀ, Ինդոնեզիա, Մարոկկո, իսկ Բելառուսն ու Ղաղզստանը` որպես դիտորդ:

Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովը հիմնադրվել է 2007 թվականին: Հանձնաժողովի աշխատանքները միտված են ազգային ռեսուրսների արդյունավետ կառավարման հակամարգերի բարելավմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում