Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով 125 վիրավորից 87-ը դուրս են գրվել. ծայրահեղ է գնահատվում 3 զինծառայողի վիճակը

Նմանատիպ
Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 125 վիրավոր: Նույն ժամանակահատվածում գրանցվել է հոսպիտալային մահվան երկու դեպք` Մարտակերտի հոսպիտալում. նրանց հնարավոր չի եղել փրկել: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ շեշտելով, որ ռազմական բժիշկները 100 տոկոսով կատարել են իրենց առջև դրված խնդիրները. կազմակերպվել է 6-րդ և 9-րդ պաշտպանական շրջանների բժշկական ապահովումը: Ավելին, վիրավորին արհեստական շնչառական ապարատ է միացվել հենց ռազմի դաշտում:
«Ներկայում 125 վիրավորից 87-ը դուրս են գրվել: Նրանք այն վիրավորներն են, որոնք լիարժեք ապաքինված են: Իհարկե, որոշակի ուշացրել ենք իրենց դուրսգրումը` պայմանավորված հոգեբանական աշխատանքների կատարմամբ: Դուրս գրված զինծառայողները վերադարձել են ծառայության: Ներկայում ծայրահեղ է գնահատվում 3 զինծառայողի առողջական վիճակը: Հույս ունենք, որ շուտով այս վիճակից դուրս կգան»,-տեղեկացրեց Կամավոր Խաչատրյանը:
Ռազմաբժշկական վարչության պետը հավելեց, որ հակառակորդը շարունակում է կրակել այսպես ասած՝ քառօրյա պատերազմից հետո և այդ ժամանակահատվածում թշնամու կրակոցներից վիրավորվել է 34 զինծառայող. «Բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել վիրահատություն, այն կատարվել է: Ընդհանուր առմամբ, այս օրերին հոսպիտալներում կատարվել է 148 վիրահատություն»:
«Եթե «ոսկյա մեկ ժամվա» մոտեցումները չկիրառվեին, ապա մենք կունենայինք ոչ թե ցածր ցուցանիշով ծանր վիրավորներ, այլ նրանք կկազմեին 50-60 տոկոսը: Այսինքն` եղած վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ վիրավորը մեկ ժամվա ընթացքում է հասել որակավորված բուժօգնության փուլ»,-լրացրեց հանդիպմանը ներկա ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում