Հայաստանը և Սերբիան պաշտպանական բնագավառում համագործակցության համաձայնագիր կկնքեն

Հայաստանը և Սերբիան պաշտպանական բնագավառում համագործակցության համաձայնագիր կկնքեն

Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռա զմաբժշկական, ռազմակրթական և համագործակցության իրականացման այլ հեռանկարները: Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխան պաշտոնական այցով այցելել Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում