Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բացթողումներ չի ունեցել. Գալուստ Սահակյան

Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բացթողումներ չի ունեցել. Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ հնչող տեսակետի հետ, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը բացթողումներ է ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սահակյանը նշեց, որ Ադրբեջանը, ռազմական գործողություններ սկսելով, նպատակ է ունեցել Լեռնային Ղարաբաղի որևէ տարածք գրավել, սակայն դա չի հաջողվել: «Պատերազմական գործողություnների ընթացքում մեր բանակն իրեն շատ լավ է դրսևորել, և հենց դրա արդյունքում Ադրբեջանը չի կարողացել իրագործել իր ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը թույլ տված բացթողումների համար ապրիլի 27-ին պաշտոններից ազատել է բարձրաստիճան զինվորականների, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, դա երկրի Նախագահի որոշումն է: Ոչ միայն ռազմական, այլ նաև մյուս ոլորտներում միշտ էլ մարդիկ ազատվում են պաշտոններից տարբեր պատճառներով»:

Ազգային ժողովի նախագահը համաձայն չէ նաև այն խոսակցությունների հետ, թե հայկական կողմի զենքը չի բավարարել պատերազմի ընթացքում: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը զենքի խնդիր չի ունեցել: «Պարզապես մենք հարձակողական գործողությունների չենք անցել, ընդամենը պաշտպանել ենք մեր հողերը»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը որոշ դիրքեր է կորցրել, ինչի մասին խոսել է նաև ՀՀ նախագահը, Գալուստ Սահակյանն ասաց. «Գիտեք, պատերազմ է եղել, և հնարավոր է, որ այդ ընթացքում որոշ դիրքեր զիջենք, իսկ հաջորդ անգամ դրանք հետ բերենք: Կարևորն այն է, որ Ադրբեջանը չկարողացավ հասնել այն նպատակին, ինչի համար սկսել էր պատերազմը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում