Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել փախստականների ընդունումից հրաժարվող երկրներին

Նմանատիպ
Եվրահանձնաժողովը պլանավորում է քննարկել այն երկրների համար ֆինանսական վճարումներ սահմանելու հնարավորությունը, որոնք հրաժարվում են ըստ բաժնաչափերի տեղավորել ԵՄ ժամանած փախստականներին. տուգանքի չափը մեկ մարդու հաշվով կարող է կազմել շուրջ 250 հազար եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով հանձնաժողովի ծրագրերին ծանոթ աղբյուրների:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը մտադիր է նոր առաջարկություններ ներկայացնել Եվրամիությունում ապաստանի տրամադրման գործող «դուբլինյան» համակարգի փոփոխման վերաբերյալ: Նախնական պլանների համաձայն՝ բարենորոգման շրջանակներում ԵՀ-ն կառաջարկի տուրք սահմանել այն երկրների համար, որոնք հրաժարվում են ժամանակափորապես տեղավորել ապաստան խնդրողներին, սակայն այդ կետը շարունակում է բանավեճերի առարկա մնալ:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ տուգանքի չափը ապաստան խնդրող մեկ մարդու հաշվով կարող է կազմել 250 հազար եվրո: Սակայն այդ թիվը դեռեւս կարող է փոփոխվել:
«Մուծման չափը կարող է փոփոխվել, բայց նպատակն այն է, որ դա պատժամիջոցների նմանվի»,- ասել է ԵՀ-ի պլաններին ծանոթ աղբյուրներից մեկը: Թերթի զրուցակիցներից մեկ ուրիշը ճշտել է, որ ամեն դեպքում փախստականների տեղավորումից հրաժարվելու գինը կարող է կազմել «հարյուր հազարավոր եվրո»:
Հրատարակությունը ենթադրում է, որ արեւելաեվրոպական այնպիսի երկրներ, ինչպիսք են Լեհաստանը եւ Հունգարիան, ուրախությամբ կընդունեն փախստականների պարտադիր տեղավորման այլընտրանքը: Սակայն եթե Եվրահանձնաժողովի պլանները չփոխվեն, Լեհաստանին, օրինակ, հարկ կլինի ավելի քան 1 մլրդ եվրո վճարել, որպեսզի իր տարածքում չտեղավորի բաժնաչափով նախատեսված 4,5 հազար փախստականների, որոնք ժամանել են Իտալիա եւ Հունաստան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում