Ջոկովիչ. Մադրիդի մրցաշարի գլխավոր ֆավորիտը Նադալն է

Նմանատիպ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է Մադրիդի մրցաշարից ունեցած սպասելիքներից, նշել է, թե ում է համարում ֆավորիտ: Աշխարհի առաջին ռակետը Մադրիդում հաղթել է 2011 թվականին, իսկ այս տարի երկրորդ շրջանում մրցելու է Նիկոլաս Ալմագրո-Բորնա Չորիչ զույգի հաղթողի հետ:
-Վերջին անգամ 3 տարի առաջ եմ եղել Մադրիդում: Կարոտել էի քաղաքը, մրցաշարը: Ցավոք, 2014-ին մասնակցությունից հրաժարվեցի վնասվածքի պատճառով, իսկ անցյալ տարի ժամանակացույցս թույլ չտվեց: Ուրախ եմ վերջապես վերադառնալու համար, քանի որ սա իսկապես գրունտային խոշոր մրցաշար է:
Մադրիդի մրցաշարի պայմանները տարբերվում են: Այստեղ զգացվում է ծովի մակարդակից եղած բարձրությունը, և գնդակն օդում շատ արագ է ընթանում: Պետք է հարմարվել այս պայմաններին, դրա համար էլ մի փոքր շուտ եմ ժամանել: Մի քանի լավ մարզում եմ անցկացրել և հույս ունեմ, որ հնարավորինս լավ հանդես կգամ: Անհամբերությամբ եմ սպասում առաջին խաղին: Հույս ունեմ՝ աստիճանաբար լավ հանդես կգամ: Տեսնենք, թե ինչ կստացվի:
Կարծում եմ՝ գրունտային բոլոր մրցաշարերում գլխավոր ֆավորիտը Նադալն է: Այս մրցաշրջանում նա արդեն բարձրակարգ թենիս է ցուցադրել. Մոնտե Կառլոյում և Բարսելոնայում Ռաֆան հիանալի հանդես եկավ: Համոզված եմ, որ նա մոտիվացված է և մյուս մրցաշարերում էլ հաջող հանդես կգա: Նա գլխավոր ֆավորիտն է:
Ինքս ինձանից մեծ ակնկալիքներ ունեմ: 2011-ին հաղթել եմ այս մրցաշարում, մի քանի անգամ հասել եմ կիսաեզրափակիչ, ընդհանուր առմամբ այստեղ լավ եմ հանդես եկել: Դա ինձ վստահություն է հաղորդում: Իհարկե, 5-6 տարի առաջվա հետ համեմատած, ես այլ թենիսիստ եմ դարձել: Ավելի ինքնավստահ եմ, հասունացել եմ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից,-Ջոկովիչի խոսքերը մեջբերված են մրցաշարի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում