Հալեպի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստը նշանակել է մայիսի 4-ի երեկոյան

Հալեպի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստը նշանակել է մայիսի 4-ի երեկոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 4-ին բաց նիստ կանցկացնի Հալեպի իրադրությունը քննարկելու համար, որտեղ կատաղի բախումներ են ընթանում կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջեւ: Հանդիպումը, որը գումարվում է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի խնդրանքով, նշանակված է Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են մայիսին ԱԽ-ն նահագահող Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչությունում, նիստում զեկույցներով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը եւ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը: «Դրան կհաջորդի փակ խորհրդակցություն»,- ասել է Եգիպտոսի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Մոհամադ Աբուլվաֆան:

Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հալեպում ընդդիմության զինված կազմավորումների կողմից գնդակոծումների հետեւանքով զոհվել է 16 մարդ, վերքեր են ստացել շուրջ 70 հոգի: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է վերջին երկու շաբաթվա ընթացքում հարյուրավոր զոհվածների ու վիրավորների մասին: Նրա խոսքով՝ մարտական գործողությունների հետեւանքով վնասվել են դպրոցներ, հիվանդանոցներ եւ քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ:

Մայիսի 3-ին ականակոծվել է Հալեպի արեւմտյան մասում գտնվող հիվանդանոցը, որը վերահսկվում է Սիրիայի իշխանությունների կողմից: Առկա տեղեկատվության համաձայն՝ հիվանդանոցում զոհվել է երեք մարդ, եւս 15-ը վերքեր են ստացել:

Ինչպես հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ջոաննա Լյուն, վերջին տասն օրվա ընթացքում Հալեպում իրականացվել է գրեթե 300 ավիահարված: «Մի քանի անգամ գրոհների են ենթարկվել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մարդկանց կուտակումներ»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում