Եվրո-2016․ Հյուրընկալող Ֆրանսիան և А խմբի մյուս հավաքականները

Եվրո-2016․ Հյուրընկալող Ֆրանսիան և А խմբի մյուս հավաքականները

Եվրոպայի առաջնությունը սարերի հետևում չէ: Ֆուտբոլային տոնին ընդառաջ ներկայացնում ենք խմբային փուլի մասնակիցներին:

Այս տարի Եվրոպայի առաջնության մասնակիցներն ավելի շատ են, հետևաբար շատ են հավաքականները, որոնց մասին համեմատաբար քիչ տեղեկություն ունեն երկրպագուները: Ներկայացնում ենք А խումբը և խորհուրդ տալիս բաց չթողնել հանդիպումները, հետևել ու սպասել ինտրիգների:

Ֆրանսիա

Այս բարձրակարգ ընտրանու համար Մունդիալի և Եվրոպայի երեք հաղթանակներն այնքան էլ մեծ պաշար չեն: Հետաքրքրական է, որ 1998-ի Մունդիալում և 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան հաղթել է սեփական հողի վրա, իսկ այս տարի կրկին մեծամասշտաբ առաջնություն է հյուրընկալում: Դիդյե Դեշամը 20-րդ դարի աշխարհի վերջին առաջնության ժամանակ թիմի ավագն էր, իսկ հիմա իր սաներին է փորձելու դեպի հաղթանակը տանել:

Տանտերերն ամեն դիրքի համար մի քանի թեկնածու ունեն, խնդրահարույց է միայն պաշտպանությունը, իսկ հարձակման գծի ֆուտբոլիստները միանշանակ ունակ են լրացնելու Կարիմ Բենզեմայի բացակայությունը։ Ամեն դեպքում ֆրանսիացիները ֆավորիտ են և կարող են առավելագույնի հույս ունենալ։ Կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը, Պայեն, Կանտեն․․․ Նրանք պետք է ապացուցեն՝ բավականաչափ տաղանդավոր են երիտասարդ տարիքում հավաքականն առաջնորդելու և մեդալի ձգտելու համար:

Շվեյցարիա

Անհերքելի է, որ սեփական հարկի տակ ֆուտբոլային խոշոր մրցաշար հյուրընկալելը տանտերերին մեծ առավելություն է տալիս ու խթան է հանդիսանում ապագա ելույթների համար: Ավստրիայի և Շվեյցարիայի տարածքում կայացած Եվրո-2008-ից հետո երկու հավաքականներն էլ ուժեղացել: Բանկերի, ժամացույցի ու պանրի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները կարող են աղմկել այս ամռանը: Նախընտրական փուլում նրանք չկարողացան ընդդիմանալ միայն Անգլիային, ուստի խմբային փուլում հայտնվելը լուրջ հաջողություն է, որը կարող է իր շարունակությունն ունենալ։

Ռումինիա

Վերջին անգամ իրենց մասին ռումինացիները հիշեցրել են 22 տարի առաջ, երբ դուրս են եկել ամերիկյան Մունդիալի 1/4 եզրափակիչ փուլ: Դրանից հետո Ռումինիան երկար ժամանակ ստվերում էր: 2014-ին գլխավոր մարզչի փոփոխության ժամանակ հավաքականի ղեկավարությունը հայացքն ուղղեց մի մարդու, ով ժամանակին խաղացել էր ազգային ընտրանու կազմում: Ռունինիայի սենատի անդամ 65-ամյա Անխել Իորդանեսկուն հուսալի տարբերակ չէր, բայց ռիսկը հաջողությամբ պսակվեց:

Այսօրվա հավաքականի յուրահատկությունը ցածր արդյունավետությունն է. նախընտրական փուլում թիմը ոչ մի պարտություն չի ունեցել (20 միավոր), բայց10 խաղում խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը 11:2 է․․․ Ֆրանսիա մեկնող 24 թիմերից որևէ մեկն ավելի քիչ գնդակ չի խփել ու բաց թողել, քան ռումինացիները։

Չմոռանանք, որ Մունդիալ-2018-ի որակավորման փուլում Ռումինիան Հայաստանի հավաքականի մրցակիցներից է, ուստի այս ընտրանու նկատմամբ մեր ուշադրությունն ավելի մեծ է լինելու։

Ալբանիա

Ալբանիայի հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Հավաքականի հիմնական ձեռքբերումներն իտալացի մարզիչ Ջանի դե Բյազիի ջանքերով են գրանցվել։ Նա հայտնի է որպես երիտասարդների հետ աշխատող, խորաթափանց մարտավարություն ունեցող մարզիչ: Ի դեպ, նոր սերնդի առավել վառ դեմքերը՝ Էրիտ Բերիշը, Էլսեյդ Հյուսայը հանդես են գալիս Ա Սերիայում: Երբ որակավորման փուլում Ալբանիան հաղթեց խմբի ապագա առաջատար Պորտուգալիային, թիմի բոլոր անդամները պարգևատրվեցին երկրի բարձրագույն քաղաքացիական՝ «Ազգի պատիվ» շքանշանով։ Հետաքրքիր է՝ ի՞նչ պարգև կստանան ալբանացի ֆուտբոլիստները խմբային փուլի արգելքը հաղթահարելու դեպքում։

Հանդիպում, որն անպայման պետք է դիտել՝ Ֆրանսիա-Ռումինիա

Բացման խաղը կարող է երանգավորել ամբողջ առաջնությունը: Սովորաբար առաջին խաղին հատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ երկրպագուները երկար սպասում են առաջնության մեկնարկին, իսկ ընթացքում հագենում են: Տանտերերը ռումինացիների հաշվով անքան էլ լավ հիշողություններ չունեն. 8 տարի առաջ Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիան իր համար ձախողած առաջնությունը մեկնարկեց 0:0 հաշվով: Նշենք, որ այդ խաղում վաստակած միավորը ֆրանսիացիների համար միակն էր ամբողջ առաջնությունում: Թեև տանտերերն ակնհայտ ֆավորիտ են՝ անհանգստությունը, մրցաշարի առաջին հանդիպումն անցկացնելու գործոնը կարող են չար կատակ դառնալ անզիջում հակառակորդի հետ խաղում:

Հիմնական պայքարը՝ պայքար երկրորդ տեղի համար 

Բոլոր գործոնները խոսում են այն մասին, որ Ֆրանսիայի մեկ շնչով հաղթահարելու է խմբային փուլը։ Բարդ է կանխատեսել, թե ով կհայտնվի երկրորդ տեղում: Շվեյցարիա, Ռումինիա և Ալբանիա եռյակից ոչ մեկը թույլ չէ պայքարի համար, բայց երեքն էլ մրցաշարի ուժեղագույն թիմի կոչումից բավականին հեռու են: Նրանցից յուրաքանչյուրն իր առավելությունն ունի և հենց դրա շուրջ է կառուցում իր խաղը: Թերևս հենց եռյակի անդամներն էլ իրար մեջ կլուծեն խմբի երկրորդ տեղը զբաղեցնողի հարցը։

Հավելենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում