Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած և 41 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ կապված Թուրքիայում մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Թուրքիայում և դրա սահմաններից դուրս թուրքական ներկայացուցչություններում հունիսի 29-ին դրոշները կխոնարհվեն:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով կա 41 զոհ, շուրջ երկու հարյուր վիրավոր: Ահաբեկչությունն իրականացրած անձինք նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտ պայթեցրել է իրեն: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում