Անօդաչու թռչող սարքերի մրցույթը որակական առաջընթաց է գրանցել

Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, որն անցկացվում է երկրորդ անգամ, քանակական ու որակական առաջընթաց է գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի մրցույթի եզրափակիչին մասնակցում է տասը թիմ, որոնք, մասնագետների բնորոշմամբ, ներկայացել են լուրջ ինժեներական ու ծրագրային լուծումներով: Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանում ուրախ եռուզեռ էր. մրցույթի մասնակից թիմերը վերջին շտկումներն էին իրականացնում, թիմերին սատարողները, կազմակերպիչներն ու ժյուրին անհամբեր սպասում էին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք հանդիսացող սարքերի ելույթներին:

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մրցույթի մասնակիցներին տրամադրվել են պայմանական թիրախի կոորդինատներ: Նրանք պետք է սարքն ուղարկեն դեպի նպատակակետ, նետեն որևէ ծանր իր ու վերադառնան: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է գցի պայմանական իր:Մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յուքոմ» ընկերության կողմից ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` մրցույթի նպատակն է հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում մեծացնել ռոբոտաշինության և անօդաչու սարքերի նկատմամբ հետաքրքրությունը: «Ներկայում տեխնիկայի զարգացումն ընթանում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ` կլինի ավտոմեքենաների, գնացքների, թե ինքնաթիռների դեպքում, և ցանկանում ենք երիտասարդների ուշադրությունը դարձնել դեպի այդ ուղղությունները»,-ասաց Կարեն Վարդանյանը: Ինչ վերաբերում է մասնակից թիմերի տարիքային նկարագրին, ապա Վարդանյանի դիտարկմամբ` մրցույթը երիտասարդական է, որին մասնակցում են նաև դպրոցականների թիմեր, հիմնականում ուսանողներ են ու երիտասարդ մասնագետներ:

Մրցույթի հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց, որ միջոցառումը կարևոր է հատկապես ռազմարդյունաբերության զարգացման տեսանկյունից:

«Նման մրցույթները կարևորում ենք, քանի որ դրանք ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման նոր սկիզբն են: Մեր ընկերությունը մշտապես աջակցելու է այդ նպատակով ձևավորվող խմբակներին: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք սրա կարիքը շատ ունենք: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությանը միացել ենք շատ ավելի վաղ, այսինքն` ոլորտի կարևորությունը գիտակցել ենք»,-նշեց Հայկ Եսայանը: Նա հույս հայտնեց, որ ականատես կլինեն գեղեցիկ մրցակցության, իսկ ներկայացվող սարքերը կգոհացնեն կազմակերպիչներին:

Այն, որ սարքերը պետք է ինքնուրույն տեղափոխվեն նշված գոտի, բեռը գցեն թիրախի վրա ու վերադառնան սկզբնակետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի կարծիքով, արդեն խոսում է այդ սարքերի որակական բնութագրիչների մասին: Ինչ վերաբերում է ԶՈՒ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջև առարկայական համագործակցությանը, Դավիթ Փախչանյանը նկատեց. «Մենք աշխատում ենք ոլորտի հետ, այսօր էլ ունեցել ենք հատուկ խորհրդակցություն, պետք է վստահեցնեմ, որ ոլորտի հետ շատ կոնկրետ խնդիրների վրա ենք աշխատում»:

Անդրադառնալով դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագրին` Փախչանյանը կարևորեց փաստը, որ երեխաների մոտ վաղ տարիքից մոտիվացիա է առաջանում զբաղվել բարձր տեխնոլոգիաներով:

«Այսօր էլ մրցույթին մասնակցում են երկու դպրոցական խմբակներ, կարևոր է, որ երեխաների մոտ բարձր տեխնոլոգիանով զբաղվելու ցանկություն լինի»,-հավելեց փոխնախարարը:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ գնդապետ Բալայանը լրագրողների հետ զրույցում շեշտեց նմանատիպ մրցույթների անցկացման կարևորությունը պետության ընդհանուր զարգացման տեսանկյունից, հատկապես, երբ մանուկ հասակից են մասնակիցները զբաղվում:

«Խորհրդատային տարիներին կային տեխնոլոգիական ակումբներ, խմբակներ, այսօրվա մեր լուրջ մասնագետներից, գիտնականներից շատերն անցել են այդ ուղիով: Սա այն սկիզբն է, որ պետք է աջակցի հետագա սերունդների զարգացմանը: Պարտադիր չէ, որ տեխնիկան ստեղծվի կռվելու կամ պատերազմելու համար, եթե ստեղծվում են սարքեր տնտեսության մեջ կիրառվելու համար, դա կբերի տնտեսության զարգացմանը, որն էլ իր հերթին` պետության հզորացմանը: Եթե պետությունը հզոր է, հնարավորությունները մեծ են»,-ընդգծեց զինվորականը:

Մրցույթի եզրափակիչում մրցող 10 թիմերն են`
1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dron» թիմը
2. «Eagle Eye» թիմը
3. «iUAV» թիմը
4. «Սավառնակ» թիմը
5. Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»
6. «Արծիվ» թիմը
7. Fimetech ընկերության թիմը
8. Technology & Science Dynamics TSD-ի թիմը
9. Tumo Center for Creative Technologies-ի «Բզբզողնե ր» թիմը
10. Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Ռոբոէջմիածին» թիմը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում