«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ»

«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ»

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն հուլիսի 11-ին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հյուրեր եք մեր համար: Սիրով կծանոթացնեմ մեր կազմակերպության գործունեությանը: Համոզված եմ, որ ձեզնից շատերը ոլորտի լավագույն մասնագետներ կդառնան, Հայաստանը ճանաչելի կդարձնեն աշխարհին: Մեր հիմնական առավելությունը մարդկային կապիտալն է, մեծ պոտենցիալը: Մեր ոլորտի գործունեության համար սահմանները չեն կարող խոչընդոտ լինել: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2004թ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիան դարձել է «Սինոփսիս» ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը: Այսօր այն ամենամեծ ՏՏ-ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրայի ն ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության և ծառայությունների նորարարություններով»:

Երիտասասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին նաև ընկերության ուսումնական դեպարտամենտում:

Այնուհետև հավաքի մասնակիցները այցելեցին «ԲեթԿոնստրակտ» ընկերություն, որտեղ երիտասարդներին դիմավորեց կազմակերպության ներքին զարգացման ղեկավար Արմինե Մկրտչյանը և մեկ օրով Հայաստանում գտնվող «ԲեթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն​ Վահե Բալուլյանը (ԱՄՆ): Հյուրերը ծանոթացան ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին և ապագա ծրագրերին: Երիտասարդները հանդիպեցին նաև ընկերության սփյուռքահայ աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրին Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրենց փորձը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում