Չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ Հայաստանը դարձել է COPUOS-ի անդամ
Նմանատիպ
Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ, հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Սա Հայաստանի համար խիստ կարևոր է ոչ միայն գիտա-տեխնիկական, այլև քաղաքական առումով, և առաջին հերթին մեր դիվանագետների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին’ խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Դառնալով COPUOS անդամ, Հայաստանն այնուհետև միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին՝
1. Այսպես կոչված «Տիեզերքի պայմանագիրը», ըստ որի պետությունները պարտավորվում են տիեզերքն օգտագործել խաղաղ նպատակներով, այդ թվում Լուսնի և տիեզերական այլ մարմինների հետ կապված հարցերում,
2. «Փրկության համաձայնագիրը», ըստ որի պետությունները պարտավորվում են համագործակցել տիեզերագնացների փրկության և վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի հարցերում,
3. «Պատասխանատվություն կոնվենցիան», ըստ որի կարգավորվում է տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասներով պայմանավորված պատասխանատվությունը,
4. «Գրանցման կոնվենցիան», որով գրանցվում են տիեզերք արձակված օբյեկտները
5. «Լուսնի համաձայնագիրը», որով կարգավորվում են Լուսնի և տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը:
Բացի այդ, այսուհետև Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի COPUOS-ի և դրա գիտատեխնիկական և իրավաբանական ենթահանձնաժողովների տարեկան նիստերին:
Տիեզերքի խաղաղ օգտագործման դրսևորումներից է, որ մասնավորապես, մեր աստղագետները մասնակցում են ամերիկյան և եվրոպական տիեզերական աստղադիտարաններով իրականացվող գիտական նախագծերի’ օպտիկական (Հաբլի տիեզերական աստղադիտակ), ենթակարմիր (IRAS, Սպիտցերի և Հերշելի տիեզերական աստղադիտակներ) և ռենտգենյան (ROSAT, Chandra, XMM) տիրույթներում:
Ավելին, վերջերս հրավեր է ստացվել Միջազգային մոլորակային տվյալների ալյանսից (International Planetary Data Alliance, IPDA), որտեղ մեզ առաջարկվում է նույնպես անդամակցել այդ կազմակերպությանը: Վերջապես, 2011-ին ՀՀ ԳԱԱ և Ռոսկոսմոսի միջև ստորագրվել է պայմանագիր և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում 2012-ից սկսվել է նաև տիեզերական աղբի (տիեզերական սարքերից մնացած բեկորների) հետևման և ուսումնասիրության ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում Բյուրականի ասղտադիտարանում տեղադրվում են արագ պտտվող աստղադիտակներ, ինչպես նաև վերանորոգվելու են աստղադիտարանի խոշոր դիտակները:
Հայաստանի մասնակցությունը COPUOS-ին շահավետ և արդյունավետ կլինի բոլոր տեսակետներից: Մասնավորապես, հնարավոր են դառնում նոր տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան մասնակցելու այդ նախագծերին և դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆ-ի (NASA), Եվրոպական (ESA) և ՌԴ տիեզերական գործակալությունների գիտական կենտրոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում