Այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը. Կկատարվի նաև նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն:

Տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի’ ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը:

«Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն’ նրան Երուսաղեմ տարան’ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո’ փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում