Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների 80-90 նոր դեպք

Հայաստանում վերջին տարիներին մանկական քաղցկեղի դեպքերն ավելացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Այդուհանդերձ նա նշեց, դրանք աճել են այն պատճառով, քանի որ մեկ երեխան կարող է բուժման կուրս անցնել 2-4 անգամ:

Panorama.am-ի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ը հայտարարված է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք: Գ.Բադալյանի խոսքերով՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի Մանկական ուռուցքաբանության բաժանմունք է ընդունվում տարեկան 200-ից ավելի երեխա:

Ուռուցքաբանը նշեց, որ Հայաստանում ամենից հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը երեխաների մոտ արյան քաղցկեղն է՝ լեյկիմիան, որը կազմում է մոտ 30-40 տոկոսը չարորակ ուռուցքների: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետև գլխուղեղի ուռուցքն է:

Գ. Բադալյանի խոսքերով՝ մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են՝ քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ’ ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ և այլն:

Ուռուցքաբանի խոսքերով՝ ավելի հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ և գիտնականների համոզմամբ՝ այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ դրանք լինում են բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման ժամանակ: Գ.Բադալյանը հայտնեց, որ քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբերություն կա նաև ուռուցքների և բուժման մեթոդիկայի միջև:

«Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը բուժվում են, խոսքը լիակատար բուժման մասին է: Եթե հիվանդությունը 2 տարի անց չի կրկնվում, ապա կարելի է համարել, որ մենք հասել ենք վերջնական արդյունքի»,- ընդգծեց մանկական ուռուցքաբանը՝ հավելելով, որ օրինակ՝ զարգացած երկրներում հիվանդության 80 տոկոս դեպքերն են բուժվում: Նա նշեց, որ մանկական չարորակ ուռուցքներն ավելի զգայուն են, քան մեծահասակների դեպքում է, և հիվանդության՝ սկզբնական փուլերում հայտնաբերման դեպքում հնարավոր է քիմիաթերապիայի միջոցով բուժել այն:

Ինչ վերաբերում է խնդիրներին, Գ.Բադալյանը նշեց, որ կենտրոնն այսօր ժամանակակից սարքավորումների կարիք ունի: «Եթե մենք ունենանք այդ սարքավորումները, ապա կկարողանանք հասնել զարգացած երկրներում գրանցվող ցուցանիշին»,- ասաց նա: Բացի այդ, կենտրոնը նորագույն դեղորայքի պահանջ ունի: Ըստ ուռուցքաբանի՝ կան դեղեր, որոնք գրանցված չեն Հայաստանում, մինչդեռ լինում են դեպքեր, երբ տվյալ դեղի օգտագործումով ավելի լավ արդյունքի կարող են հասնել:

Ուռուցքաբանի խոսքերով՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, իսկ 7-ից բարձր՝ համավճարի սկզբունքով: Այս պահին կենտրոնում բուժում է ստանում 11 երեխա, որից 3-ը’ բարորակ ուռուցքով:

Անդրադառնալով վերջին շրջանում սոցցանցերում հաճախ հանդիպող դեպքերին, երբ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար ծնողները օգնություն են խնդրում, Գ.Բադալյանը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ պարտադիր գերբարձր քիմիաթերապիայի, ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք է լինում: «Այդ մեթոդները դեռ ներդրված չեն Հայաստանում, բայց շատ շուտով դրանք էլ այստեղ կներդվեն»,- ընդգծեց ուռուցքաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում