Ր. Հովհաննիսյանը վանաձորցիներին. «Դուք փրկեցիք Հայաստանի ապագան»
Նմանատիպ
Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորի հանրահավաքը սկսեց ժողովրդի հաղթանակը շնորհավորելով։ «Ով ուզում է խլել ժողովրդի իրավունքը, ով ուզում է իրավունքից դուրս, օրենքից դուրս, Սահմանադրությունից դուրս նախագահ լինել, օրենքի առաջ պատասխան է տալու»,-մեջբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը Tert.am-ը:
Անդրադառնալով իրեն տեսանկարահանող անվտանգության աշխատակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նրանք պարզապես հրահանգ է իրականացնում։
«Մեր զինվորները, ոստիկանները, անվտանգության աշխատողները մեր հպարտությունն են, ինձ նկարեք, եթե դա է ձեր հրամանը, սակայն ՀՀ քաղաքացիներին, մայրերին, հայրերին, որդիներին, քույրերին, չվախեցնե՛ք։ Եթե մեր քաղաքացիների վրա ձեռք բարձրացնեք, սահմանին ծառայող զինվորին, ուսուցիչներին, բժիշկներին ուղղորդեք կեղծիքի, պատասխան եք տալու»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ եթե Վանաձորում՝ նախկին Ղարաքիլիսայում չլիներ 1918թ.-ի հերոսամարտը, չէր լինի Հայաստանի Հանրապետությունը։
«Մեր պապերն այստեղ փրկեցին Հայաստանը, իսկ դուք՝ փետրվարի 18-ին փրկեցիք Հայաստանի ապագան»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա խորհուրդ տվեց իր բարության թուլություն չտեսնել։
«Այդ բարության մեջ թող տեսնեն օրենքի հարգանք և այդ օրենքը սկսելու է ինձնից, իմ ընտանիքից, «Ժառանգության» պատգամավորներից։ Այս անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մի ազգ ենք, մի պետություն, սա կուսակցակռիվ չէ, սա Րաֆֆու և Սերժի, Ժառանգության և Հանրապետականի կռիվը չէ, թող յուրաքանչյուրը հասկանա, որ սա իր ապագայի համար է»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Վանաձորի քաղաքապետի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ ժողովուրդն անգիտակից է, դրա համար էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է ստացել։
«Եթե ինքն ասել է, որ հայ ժողովուրդը ՀՀ քաղաքացին, Վանաձորի հերոսական ժողովուրդը անգիտակից է, ուրեմն ինքն անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում։Եթե նա ասել է այդքանը ու ձեզնից ներողություն չի խնդրում, պիտի գնա ստեղից»,-ասաց նա։
Հանրահավաքի անօրինականության մասին տեղեկացնող ոստիկանությանը դիմելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ նրանք հայտարարությունն անում են անօրինական իշխանության անունից և շուտով այդ հրահանգները փոխվելու են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում