Րաֆֆի Հովհաննիսյան. «Փոփոխությունների ջրհեղեղն արդեն սկսվել է»
Նմանատիպ
Ինչպես տեղեկացնում է Times.am գործակալությունը, 15 րոպե ուշացումով «Ազատության» հրապարակում սկսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: ՈՒշացման պատճառը տեխնիկական էր՝ հրապարակը հոսանքազրկված էր, քանի որ հանրահավաքը արտոնված չէր:
Րաֆֆի Հովհաննիսյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ, որը թույլ է տվել մի քանի րոպեով միացնել բարձրախոսերը, որպեսզի կազմակերպիչները ցուցարարներին կարողանան տեղեկացնել ապագա անելիքների մասին: Հովհաննիսյանը հանդես եկավ կարճ ելույթով և նշեց, որ հաջորդ հանրահավաքը, որն արդեն իսկապես արտոնված է, տեղի կունենա փետրվարի 28-ին ժամը 17:00-ին դարձայլ «Ազատության» հրապարակում:
Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այս շարժմանը միացել են Հայաստանի բոլոր երեք նախագահները, Կարեն և Ստեփան Դեմիրճյանները և Հայաստանի մնացած բոլոր քաղաքացիները: «Այս հրապարակ վերադարձել է 88-ի շունչը, այստեղ այլևս չկան կուսակցություններ… Անգամ «Ժառանգությունը» այլևս կուսակցություն չէ, այլ հրաման: Նախնիների հրամանն է կառուցել Նոր Հայաստան», – ասած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա վստահ է, որ փոփոխությունների «ջրհեղեղն» արդեն սկսվել է: Որպես ապացույց նա բերեց ՀՀ մարզերում մի շարք պաշտոնյաների հրաժարականը:
Նշելով, որ ինքը հարգում է բոլորի իրավունքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց ոստիկաններից չնկարել հանրահավաք եկած մարդկանց դեմքերը և մեքենաներից անհիմն հայտարարություններ չանել ու վախ չտարածել: «Հայ ժողովուրդն այլևս չի վախենում: Մենք դառնում ենք ազգ, պետություն և Հայաստանի Հանրապետություն»:
Հանրահավաքի մասնակիցները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին բարձրախոսները միացնելու համար, որից հետո Րաֆֆին կրկին ներկայացրեց ապագա անելիքների ծրագիրը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումից մեկ ժամ անց վաղը ես կտամ ասուլիս և կտամ բոլոր հարցերի պատասխանը: Այլևս հարց պիտի չտանք: Պատասխան պիտի տաք միայն և դա լինելու է Հաղթանակ»:
Փետրվարի 26-ին Հովհաննիսյանը պատրաստվում է բարև տալ Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Սուրենավանի, Արենիի, Եղեգնաձորի և Վայքի բնակիչներին:
Փետրվարի 27-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում և Սիսիանում: Ամսի 28-ին, նախքան «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքը, Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Չարենցավան, Բյուրեղավան և Աբովյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում