Օհան Դուրյանի մասին պատմող ֆիլմը ներկայացվեց արվեստասեր հանրությանը

Հայաստանում պրոդյուսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Նամինի «Օհան Դուրյան. խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը: «Օհան Դուրյանը հայ ժողովրդի պարծանքն է: Նա աշխարհի մակարդակով մեծանուն դիրիժոր էր, որի առջև խորնարհվում էին շատերը: Հիանալի ստեղծագործող, ով ցնցեց ողջ Մոսկվան` խորությամբ ներկայացնելով հզորագույն ստեղծագործությունները. զգում էր այն, ինչն ի զորու չէր զգալ որևէ մեկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ստաս Նամինը:

Օհան Դուրյանի կինը`օպերային երգչուհի Ալիս Դուրյանն ընդգծեց, որ ֆիլմը դիտել է տարիներ առաջ և շատ տպավորված է: «Ստատը շատ էր սիրում Օհանին. շնորհակալ եմ նրան այս աշխատանքի համար: Կինոժապավենը նկարահանվեց այն ժամանակ, երբ Օհան Դուրյանին մեր երկրում մեծ ցավ էին պատճառել` թերագնահատելով նրա աշխատանքը: Հենց այդ ժամանակահատվածում Մոսկվայում Դուրյանի համերգներին դահլիճները լեփ-լեցուն էին: Օհանն ի դեմս Ստասի և Վահանի բազմաթիվ աջակիցներ ուներ»,-շեշտեց Ալիսը:

Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնում: Ռեժիսորն Ալեքսեյ Կիսելյովն է: Կինոնկարի զգալի մասը դիրիժորի վերջին շրջանի գործունեության մասին է, երբ նա Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր դիրիժորը:

Դուրյանների ընտանիքի բարեկամ բժիշկ Վահան Վարդապետյանի խոսքով` մաեստրոն այն բացառիկ արվեստագեն էր, որն ամենամեծ հարգանքին և սիրուն է արժանացել ժողովրդի կողմից: «2001 թվականին դիրիժորը զրկվեց հայ հանիսատեսի առաջ ելույթ ունենալու հնարավորությունից և նվագախմբից: Սատաս Նամինի ջանքերով մաեստրոն Մոսկվայում ցնցող, տպավորիչ համերգներ ունեցավ: Ակտիվ մասնակցել եմ ֆիլմի նկարահանումներին և ընտրել հնչող երաժշտությունը»,-ասաց նա:

Կինոնկարում մաեստրոյի արժանիքների մասին էին խոսում արվեստի ոլորտի բազմաթիվ գործիչներ: Կարծիքների համաձայն Դուրյանը եզակի դիրիժոր էր, որը կարողանում էր մինչև վերջ բացահայտել կոմպոզիտորին:

Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ. Երուսաղեմում։ Տեղում կոմպոզիցա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969 թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։

Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ Նա այն եզակի արվեստագետներից էր, ով արժանացել է ավելի քան 300 միջազգային երաժշտագետների բացառիկ դրական կարծիքների: Առանց պարտիտուրի և դիրիժորական փայտիկի մաեստրոն կարողանում էր ղեկավարել նվագախումբ ու հիացնել հանդիսատեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում