«Եթե ՀՀՇ-ն գոյություն չունի, ինչպե՞ս ես ՀՀՇ-ի հիմքի վրա ՀԱԿ ստեղծում»
Նմանատիպ
Փետրվարի 23-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում հայտարարեց, թե չի ցանկանում, որ ՀՀՇ-ն վերածվի թանգարանի, ամրագրեց, որ ՀԱԿ դաշինքը այլևս գոյություն չունի, մեկ տարի առաջ սկսվել է քայքայման գործընթաց, սակայն պատճառների մասին չխոսեց, ապա Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո ՀՀՇ-ն դարձել է «գեղական կլուբ, աղանդ»:
«Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000- 2007 թվականներին. եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր: Հիմա, եթե ասացիք, Կոնգրեսը չկա, մնում ենք էլի ՀՀՇ, հայտնվում ենք այդ նույն 7 տարվա վիճակում: Սա՞ է մեր ցանկացածը: Հինգ տարվա մեջ հսկայական նոր զանգվածներ են ընդգրկվել այս շարժման մեջ, եթե հաշտվենք այս իրականության հետ, ասենք՝ ֆորմատը չկայացավ, ու ամեն մեկս թողնենք գնանք մեր կուսակցություններ, այս էներգիան կկորցնենք և մեծագույն մեղք ենք գործեյու մեր ժողովրդի, մեր ապագայի հանդեպ: Ալտերնատիվը ո՞րն է, գնանք փակվենք ՀՀՇ-ի գրասենյակում, դառնանք աղանդ, ակո՞ւմբ»,- ասաց Տեր- Պետրոսյանը: Այս գնահատականները արժանացան դահլիճում ներկաների բուռն և երկարատև ծափերին, իսկ արդյունքում 375 կողմ ձայներով որոշում ընդունվեց ՀՀՇ կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Անդրադառնալով ՀՀՇ անվանափոխության հարցին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ դա կուսակցությունների պատմության մեջ ամենասովորական բանն է:
ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դեռ 1995-ին, երբ ՀՀՇ-ն իր առաքելությունն արդեն իսկ ավարտել էր, ինքը կողմնակից է եղել, որ այն դառնա դասական կուսակցություն, քանի որ Հայոց համազգային շարժումը, որը 1989-ին էր ստեղծվել՝ լայն զանգվածների շարժում էր, ինչպես 5 տարի առաջ նույն ՀԱԿ-ը: «Հետագայում ՀՀՇ-ն կամաց-կամաց նեղացավ, բայց շարժման անունը մնաց»,- նկատեց նա՝ հավելելով, որ դեռ 2000թ., երբ Ալեքսանդր Արզումանյանն էր ՀՀՇ վարչության նախագահը, փորձ են արել անվանափոխել ՀՀՇ-ն, սակայն նրանց փորձերն ապարդյուն են անցել, ՀՀՇ-ի ներսում դիմադրության են հանդիպել:
Քաղաքական դաշտում գրեթե նույն կազմով, սակայն նոր անունով կուսակցությունը ի՞նչ է փոխելու, ո՞րն է քաղաքական դրդապատճառը նոր կուսակցություն ստեղծելու՝ հարցրինք մեր զրուցակցին. «Որովհետև ՀԱԿ-ը արդեն գրեթե գոյություն չուներ, կառուցվածքն այնպիսին էր, որ որոշումները կոնսենսուսով էին անցնում: Ի՞նչ պարտադիր էր, որ մարդ-կուսակցությունները անընդհատ խոչընդոտեին գործընթացներին: Հիմա ինքը՝ Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ը գոյություն չունի: Բայց նաև ասաց՝ ՀՀՇ-ն աղանդ է, ՀՀՇ-ն գոյություն չունի: Այստեղ արդեն հակասություն կա՝ եթե ՀՀՇ-ն գոյություն չունի, ինչպե՞ս ես ՀՀՇ-ի հիմքի վրա նոր ՀԱԿ ստեղծում… Նա փաստորեն մեղադրեց այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում կարողացել են, այնուամենայնիվ, պահել կուսակցությունը, ընդ որում՝ ամենաբարդ տարիներին: 1998-2007թթ. այդ մարդիկ պահել են կուսակցությունը, և այս առումով փոքր-ինչ վիրավորական է նրանց «աղանդավոր» անվանելը»,- նկատեց Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանը դա ասաց՝ ասելու համար, և հիմա պետք չէ ֆիքսվել այդ բառերի վրա:
Շ. Պետրոսյանը հիշեցրեց, որ 1998-ից դուրս է եկել ՀՀՇ վարչության կազմից, քանի որ ՀՀՇ- ն պարտադրված էր սատարել Ռոբերտ Քոչարյանին. «Պարտադրեցին ՀՀՇ-ին, քանի որ ոչ մի այլ կուսակցություն նման կառույցներ չուներ, որպեսզի կարողանար ընտրություններ կազմակերպել, հույսը դրեցին ՀՀՇ-ի վրա, և Վազգեն Սարգսյանը պարտադրեց, որ սատարեն Ռոբերտ Քոչարյանին»:
Շ. Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի նոր ՀԱԿ կուսակցությունը. «Թող աշխատեն, այսպես թողնելով՝ ավելի վատ էր լինելու: ՀԱԿ-ը անկում էր ապրում, մինչդեռ հիմա փորձ է արվում վերակենդանացնելու»: Նա ևս համարում է, որ ՀՀՇ-ի անվանումը բացասական էր ընկալվում, ինչպես ապագայում, եթե Հանրապետական կուսակցությունը պարտվի՝ նրա անվանումից են բոլորը խուսափելու: «Այն մարդիկ, ովքեր վարկաբեկել են ՀՀՇ-ն, նրանք հիմա էլ Հանրապետականում են: Այսինքն՝ անունը մեղք չունի, մեղք ունեն մարդիկ»,- նկատեց թերթի զրուցակիցը:
Նոր կուսակցությունը քաղաքական պրոցեսների վրա կարողանալո՞ւ է ազդել այսօր ստեղծված ներքաղաքական գործընթացների պայմաններում, երբ ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնել է ընդդիմության դերը՝ հարցրին Շ. Պետրոսյանին: «Կարծես տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանով ձգտում են տիտղոսային ընդդիմություն ստեղծել, բայց դա հազիվ թե հաջողվի: Մի պահ ԲՀԿ-ին էին փորձում տիտղոսային ընդդիմություն դարձնել՝ չստացվեց: Ընդդիմադիր կարող է լինել միայն այն ուժը, որը փորձ է ունեցել և իշխանության մեջ է եղել, ներսում պայքարի մեջ են եղել: Այս առումով միայն ՀԱԿ-ն է հաջողված, ինքը կարող է լուրջ ընդդիմություն լինել»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում