ՀԱՄՀ-ն հուշագիր է ստորագրել Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության հետ
Նմանատիպ
Փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:
Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:
Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:
Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում