Հրանտ Բագրատյանը զգուշանում է, որ իր խոսքը «խառնակչություն» չընկալվի
Նմանատիպ
Այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչները ՀՀ քաղաքացիներին հորդորեցին պատրաստ լինել տևական պայքարի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակում է մարզային այցելությունների շարքը:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ձևավորված նոր շարժման և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագծած պայքարի մասին: Մասնավորապես՝ որքանո՞վ է տրամաբանական նորից շարունակել մարզային այցելությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դարձյալ լինել այն բնակավայրերում, ուր արդեն եղել է մի քանի օր առաջ, այդ թվում հետընտրական Գյումրի, Արթիկ, Սպիտակ, Աբովյան և այլն…
Հ. Բագրատյանը ասաց, որ ինքը ընդհանրապես չի ցանկանում որևէ գնահատական հնչեցնել…
«Նորմալ եմ վերաբերվում, ի՞նչ ասեմ, ոչ լավն եմ ուզում խոսել, ոչ՝ վատը: Պայքար է՝ ընթանում է, էսքան բան կարող եմ ասել: Շատ դժվար է գնահատելը, քանի որ ես մի տեղ լավ կամ վատ բան ասեմ, կլինի, որ «խառնակչությամբ» կզբաղվեմ, ես չգիտեմ. դժվար է, շատ դժվար է խոսել: Ժամանակը ցույց կտա:
Եթե ես հիմա մի ուրիշ բան ասեմ կամ վիրավորեմ, կթվա՝ ես խանգարում եմ կամ համը հանում եմ, մեկին էլ կարող է թվալ՝ ես քծնում եմ: Ես բավականին նրբանկատ վիճակում եմ, հասկանու՞մ եք՝ գնահատական չունեմ: Եթե վաղօրոք գնահատական տամ, ճիշտ չի լինի»:
Մեր այն հարցին, թե ինչ զարգացում է կանխատեսելի համարվում, Հ. Բագրատյանն ասաց. «Ինչ ասեմ. կարան հաղթեն, կարան՝ պարտվեն, կարա՝ ոչ մի բան էլ չլինի…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում