Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Արագածոտնի մարզպետին հրաժարական տալ
Նմանատիպ
Ինչպես եւ ավելի վաղ տեղեկացրել էր «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մարզային իր հանդիպումները: Երեկ նա այցելել էր Տավուշի մարզ, իսկ այսօր հանդիպումներ է ունենում Արագածոտնի մարզի իր համակիրների հետ:
Թալին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը հորդորեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին հրաժարական տալ, հակառակ դեպքում նա ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:
«Պարո’ն Սահակյան, հրաժարական տվեք: Դուք չեք ներկայացնում Թալինի ժողովրդին: Դո՞ւք եք սեփականատերն այս մարզի: Լիսկայի նման պետք է հրաժարական: Եթե’ ոչ, դատարանի առաջ կկանգնեք», մասնավորապես ասել է ընդդիմության առաջնորդը:
Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ պարոն Սահակյանը պետք է հետևի «պարոն Լիսկայի օրինակին», այնուհետ մարզպետին խորհուրդ է տվել ներողություն խնդրել նրա սպառնալիքների, թույլ տված կեղծիքների, ստի համար, այլապես սպառնաց, որ նա դատարանի առաջ կկանգնի:
«100 տոկոս»,-արձագանքեց հանդիպման մասնակիցներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում