Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորում է Հռոմի նորընտիր Պապին

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին’ Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: 

Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է.

«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ’ ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:

Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:

Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում’ փոխադարձ այցերով, կրթական և բարեսիրական բազում ծրագրերով:

Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով’ ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում