Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավարին

Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային’ համաձայն Իտալիայի արարողակարգի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին’ ընդգծելով դրանց ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում:

Քննարկվեց նաեւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը եւ Հայաստանի’ համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության եւ անվտանգության գերակայության հարցում:

Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը’ ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ որ ՀՀ դիրքորոշումը լիովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում