ԵԺԿ նախագահը զարմացած է Ր.Հովհաննիսյանի քննադատություններից

Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԺԿ-ի նախագահը, ով, ի դեպ, հարցազրույցից րոպեներ առաջ հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահի հետ:

«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երեւան եւ հանդիպեցի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, եւ ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, եւ ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահը իսկապես եւ ճիշտ ձեւով ընտրվել է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԺԿ-ի նախագահը։

Հիշեցնենք՝ Վիլֆրիդ Մարտենսի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երեկվա հանդիպումից առաջ «Ժառանգություն»-ը բաց նամակ էր հասցեագրել Եվրոպայի ամենամեծ եւ ազդեցիկ կուսակցության ղեկավարին’ ընդգծելով, թե «իրականում, նախագահական ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվել են, Սերժ Սարգսյանը փորձել է գողանալ հաղթանակը՝ քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով»։ Ավելին, «Ժառանգություն»-ը սպառնացել էր, թե կվերանայի իր անդամակցությունը ԵԺԿ-ին, եթե Սերժ Սարգսյանի վերընտրության վերաբերյալ Մարտենսի դիրքորոշումը դառնա ողջ կուսակցության պաշտոնական տեսակետը։

Ի պատասխան’ ԵԺԿ-ի նախագահը անհիմն է որակել եվրոպական այս ընտանիքի անդամ «Ժառանգության» կողմից իրեն ուղղված մեղադրանքները։ «Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը», – Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վիլֆրիդ Մարտենսը։

Հիշեցնենք՝ հեղինակավոր կուսակցությունը երեկ իր հերթական գագաթնաժողովն էր գումարել Բրյուսելում, որին Եվրամիության անդամ երկրների առաջնորդներից բացի մասնակցեցին նաեւ ԵԺԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Հայաստանի եւ Վրաստանի նախագահները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում