Մարտի 1-ի հարցը ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի օրակարգում է

Ազգային ժողովի պետա-իրավական հանցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից է Հայ Ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի մասին հարցը: Այսօր սպասվում է, որ պետք է վերջնականապես որոշվի՝ ընդգրկվելո՞ւ է հարցը ԱԺ նստաշրջանի օրակարգ, թե՞ ոչ:

Այս հարցի քննարկումը ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ ՀԱԿ խմբակցությունը Հանրապետական խմբակցության հետ միասին կոնսենսուսի էր եկել սառեցնել հարցը մինչև նախագահի ընտրություններն ավարտվեն՝ քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով: Այժմ, ինչպես կողմերը պայմանավորվել էին, հարցը դարձյալ բարձրացվում է:

Ինչպես ավելի վաղ ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մանրմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:

Նշենք, որ 2008-ի դեպքերից հետո ԱԺ-ում Սամվել Նիկոյանի գլխավորությամբ նման մի հանձնաժողով արդեն աշխատել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում