Ս. Սարգսյան. «Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ»

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին: 

Մասնավորապես անդրադառնալով այն դիտարկմանը, թե, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, և նրանք հիմա հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին’ հանրահավաքային պայքարի տեսքով: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն քանի օր է նստած է հացադուլի. արդյո՞ք Ս. Սարգսյանը պատրաստվո՞ւմ է արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում, և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով, Սարգսյանն ասել է.

«Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ, Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակումներ են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ’ 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը’ մեկ տոկոս, 3 հազարը’ 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև հրապարակում էլ ասում են’ ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:

Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք’ 2008 թվականին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում’ լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու’ մարդկանց ասածների մեջ:

Իմ խորին համոզմամբ’ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում’ հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետև բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով’ մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին’ հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել:

Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք’ ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է’ եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ’ կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում