«Ժառանգությունը» պետք է վայր դնի մանդատները. Արամ Սարգսյան

Նախագահական հետընտրական ընդվզումների առաջին իսկ օրվանից Ազատության հրապարակում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով գործնական քայլերի կողմնակից է: Լուրեր էին շրջում, որ Արամ Սարգսյանը ներգրավվելու է բոլոր պրոցեսներում, այդ թվում՝ ավագանու ընտրություններին ուղղված միասնական ճակատի ձեւավորմանը: Բայց Ա. Սարգսյանը եւ «Հանրապետությունը» հրաժարվեցին այդ պայքարից: Պատճառները «Հրապարակը» փորձեց պարզել ընդդիմադիր կեցվածքով հայտնի քաղաքական գործչից:

Պարոն Սարգսյան, Դուք ինչո՞ւ չմիացաք միասնական ճակատով ավագանու ընտրություններում պայքարելու գաղափարին, առավել եւս, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ լուծումն էր համարվում:

Մենք գտնում ենք, որ քանի դեռ ՀՀ ժողովուրդը գալիս է Ազատության հրապարակ, եւ այդ հրապարակը քննարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է, մենք գտնում ենք, որ էստեղ հավաքված մարդիկ եկել են իրենց քվեին տեր կանգնելու համար եւ ոչ թե Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունների, եւ այդ առումով մենք որեւէ դաշինքների, որեւէ խմբի հետ միասնական ճակատով մասնակցությունը համարում ենք սխալ եւ ժամանակավրեպ:

Այսինքն, Դուք պայքարը հետաձգում եք եւ պատրաստվում 2017-2018-ի ընտրական ցիկլի՞ն:

Գիտեք ինչ, այսօրվա հետընտրական պրոցեսները վերածել նախընտրական պրոցեսների, ձեռնտու է միայն իշխանությանը, եւ սա պիտի հասկանան բոլոր ընդդիմադիր ուժերը, առավել եւս «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդը նստած է հրապարակում: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանն առաջինը հրապարակեց իր այդ ցուցակը եւ իրեն ենթակա լրատվամիջոցներով սկիզբ դրեց նախընտրական պրոցեսին: Հիմա տեսեք, թե այս դաշտում ինչ է կատարվում: Այստեղ եկող հասարակությունը գալիս է նախորդ ընտրություններում իր գողացած քվեի համար: Իսկ հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը երեք խնդիր էր դրել իշխանության առջեւ՝ ճանաչել ընտրության արդյունքները, պատժել ընտրակեղծարարներին եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Քանի դեռ այս երեքից որեւէ մեկը չի կատարվել, ո՞րն է այն երաշխիքը, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններն արդար կլինեն: Երբ որ մարդիկ գնում-գալիս են ու տեսնում են, որ այս հրապարակում են քննարկվում այդ ցուցակները, թե ով ում հետ է գնալու, ըստ այդմ մարդիկ սկսում են չգալ հրապարակ, քանի որ իրենց խնդիրն այլ հարթության վրա է:

Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում «Ժառանգությանը», պարոն Սարգսյան:

Ես առաջարկել էի երեք քայլ, իհարկե, առաջին քայլն արդեն արված էր, երբ ես առաջարկեցի: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նստել էր հացադուլի, ամբողջ խնդիրը նրանում էր, որ արդեն այդ որոշումը կար, եւ տեսակետ ասելն այդ մասին երկրորդական էր, հետեւաբար, որպեսզի այդ հացադուլը դառնար քաղաքական, պետք էր քաղաքական քայլեր արվեին, եւ առաջին հերթին պետք է աներ «Ժառանգություն» կուսակցությունը: Խորհրդարանում ներգրավված բոլոր ընդդիմադիր ուժերն արել են հայտարարություն, որ էս մեծամասնության պարագայում խորհրդարանում որեւէ խնդիր լուծելն անհնարին է, այսինքն՝ ընդունել են, որ էնտեղ անհնար է գործ անել:

Եվ ի՞նչ պետք է անեն:

Թող դնեն մանդատներն ու գան էս հրապարակ: Թող հայտարարեն, որ հաջորդ հանրահավաքին «Ժառանգությունից» հինգ պատգամավոր գալու է հրապարակ ու բացատրելու, թե ինչու է վայր դրել մանդատները: Ու դուք կտեսնեք, թե ինչքան մարդ կգա այդ պատգամավորին լսելու, ու հերթ են կանգնելու այն պատգամավորները, որոնք պետք է իրենց մանդատները վայր դնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում