ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցողին
Նմանատիպ
Մարտի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները, հանրապետության Նախագահի ղեկավարությամբ, ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը բարելավելու և քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, և այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, և Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար’ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակությունը և շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, և հույս հայտնվեց, որ այն շուտով կվավերացվի և կմտնի ուժի մեջ։
Անդրադարձ կատարվեց նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որն իր ելույթով բացեց նախարար Նալբանդյանը:
Այնուհետև տեղի ունեցավ աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում