«Ջումհուրիյեթ» թուրքական օրաթերթի սյունակագիր Օզգեն Աջարն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի սկանդալային հայտարարությանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործըթնացի վրա:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցած շաբաթ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում գումարվել էր «Թուրք-ամերիկյան միության» տարեկան համաժողովը, որին ներկա էին գտնվել մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ԱՄՆ կոնգրեսից և 15 պատգամավոր Թուրքիայի խորհրդարանից:
Իսկ այդ համաժողովից առաջ 89 կոնգրեսական, որոնցից 12-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են, նամակ էին հղել Էրդողանին նրա սկանդալային հայտարարության հետ կապված: Վիեննայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» գագաթաժողովի ժամանակ Էրդողանը սիոնիզմը համեմատել էր ֆաշիզմի հետ:
Վերոնշյալ նամակում, ԱՄՆ կոնգրեսականներն իրենց լուրջ մտահոգությունը և հիասթափությունն են հայտնել:
Կոնգրեսակակաները հույս ունեն նաև, որ կարճ ժամանակում Էրդողանը հետ կկանգնի իր այդ խոսքերից.«Անհամբեր սպասում ենք, որ սիոնիզմը, ֆաշիզմը և անտիսեմիտիզմը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն բնութագրող ձեր հայտարարությունը հետ վերցնեք»:
Թուրք վերլուծաբան Օզգեն Աջարը նկատել է տալիս, որ փաստորեն կոնգրեսականները հիմա անհամբեր սպասում են, որ Էրդողանը հետ կանգնի իր խոսքից: Միևնույն ժամանակ Աջարը հիշեցնում է, որ ԱՄՆ կոնգրեսում հայկական, հունական և կիպրացի հույների լոբբինգի դեմ թուրքերի մղած պայքարում մշտապես եղել է հրեական լոբբիստական ուժերի աջակցությունը: Նշանակում է Էրդողանը կանգնած է երկընտրանքի առաջ:
«Քիչ է մնացել 2015-ի ապրիլի 24-ին, երբ հայերը կնշեն 100-ամյա տարելիցը: Հիմա տեսնենք նամակից հետո Էրդողանն իր «թքածը կլզի՞» թե հայկական լոբբին կկարողանա հաղթանակ ունենալ այդ 100-ամյա տարելիցին»,-եզրափակում է Օզգեն Աջարը: