Քաղաքականության մեջ չի կարելի հաշվի չնստել չոր փաստերի հետ

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «…Հիմա, երբ շուրջբոլորն ասում են, որ Ազատության հրապարակում պետք է ձևավորվի քաղաքական օրակարգ, հրաշալի, ազնիվ, պարկեշտ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նույնքան համակրելի Զարուհին, Ստեփանը, Արմենը կարող են վիրավորվել և նույնիսկ զարմանալ’ բա նախագահի ինքնաբացարկը պահանջելը քաղաքականություն չէ՞: Նայած ինչ պայմաններում և ինչ գործիքներով: Եթե ես, օրինակ, պահանջեմ, որ նախագահ հռչակվի Հրանտ Բագրատյանը և հանուն դրա սպառնամ ինձ գցել Կիևյան կամրջից, դա կնշանակի՞, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես հիմքեր կունենամ դա պահանջելու միայն այն դեպքում, եթե ինձնից ուժ ներկայացնեմ: Իշխանության ուժը պետական մեքենան է’ իր ուժային կառույցներով’ ոստիկանությամբ, հատուկ ծառայություններով, բանակով և այլն:

Ընդդիմության ուժը իր գաղափարներին անկեղծորեն հավատացող ակտիվ զանգվածն է: 1988-ին ՀԽՍՀ ԳԽ 250 պատգամավորներից միայն երկուսն էին ներկայացնում Շարժումը’ Աշոտ Մանուչարյանը և Խաչիկ Ստամբոլցյանը: Բայց նրանք կարողանում էին ԳԽ-ին պարտադրել իրենց որոշումները, որովհետև իրենց թիկունքում տասնյակ հազարավոր մարդիկ էին: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, արել է հետևյալ համեմատությունը. դու գնում ես բանակցելու և ասում ես, որ քո ապրանքն արժե 10.000, 5.000 կամ 3.000 դրամ, ինչն ինքնին մեթոդաբանական սխալ է, որովհետև միանգամից նշվում է «վերջին գինը»’ ԱԺ նոր ընտրությունները:

Շարունակելով այդ համեմատությունը’ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետևյալն է. քո ապրանքն արժե 1000 դրամ’ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ: Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա: Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ’ 2008 թ. նույնատիպ իրավիճակում «թեկնածուն» (Սերժ Սարգսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30.000 հոգի, իսկ հիմա’ միջինը 3.000 հոգի: Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում