«Ժառանգություն»-ը ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին
Նմանատիպ
«Голос Армении»-ն նկատում է, որ այն օրվանից, երբ Ր. Հովհաննիսյանը հաստատվեց Ազատության հրապարկում, այնտեղ հնչեցվող մտքերը լավ հիմք դարձան ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայկական գործունեության համար: Մարտի 13-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը մի հայտարարություն տարածեց, համաձայն որի’ Ադրբեջանը դատապարտում էր միջազգային կառույցներին’ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ազատ, արդար և լեգիտիմ ճանաչելու համար: «Ադրբեջանի պահվածքը բացատրելի է, քանի որ իրենց մոտ նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն միջազգային կառույցների մակարդակով բացասական գնահատականներ են հնչում այդ երկրում տիրող բռնությունների կապակցությամբ: Այլ հարց է, որ Ազատության հրապարակում, պախարակելով միջազգային կառույցներին Հայաստանի ընտրությունների լեգիտիմության ճանաչման համար, «օրվա հերոս» Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական ամբիցիաներից ելնելով ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին»,-գրում է «ГА»-ն:
Բացի այդ’ Ր. Հովհաննիսյանը կոչ է անում վերակազմավորել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այսօր միակ գործող ձևաչափն է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում: Թերթը հիշեցնում է, որ Արցախի շուրջ բանակցությունները Մինսկի խմբի առանցքից այլ հարթություն տեղափոխելը պաշտոնական Բաքվի վաղեմի փափագն է: «Ավելին’ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի վերացումը անհապաղ կարող է հանգեցնել պատերազմի վերսկսմանը»,-նկատում է «ГА»-ն’ նշելով, որ «Ժառանգությունն» այսօր գիտակցաբար, թե ակամա, բայց վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում