Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք կարեւորում ենք յուրաքանչյուր ընտրություն

Այսօր «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համամասնական ցանկը: Ինչպես արդեն բազմիցս նշվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների կողմից, իրենք այս ընտրությունները շատ են կարեւորում: Եւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է այդ ցուցակին եւ մայիսի հինգին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Համոզված լինելով «Ժառանգության» հաղթանակում’ Հովհաննիսյանն ասել է, թե Երեւանի հաջորդ քաղաքապետ է դառնալու Արմեն Մարտիրոսյանը, քանի որ հենց նա է գլխավորում կուսակցության ցուցակը:
Ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդը, ով ի դեպ արդեն տասներկուերորդ օրն է’ հացադուլ է անում Երեւանի Ազատության հրապարակում, ասել է, որ իրենք «Ժառանգության» դրոշը խոնարհելով, փորձեցին հասարակական քաղաքական լայն դաշտն ի մի բերել՝ միավորվել, բայց, ցավոք, կուսակցությունները գերադասել են առանձին, «անձամբ» մասնակցել:

«Կեղծարար հիմնական ուժը փետրվար 18-ին հենց պարոն Սարգսյանի ղեկավարած կուսակցությունն է ՝ հարակից կրիմինալ պաշտոնական և ոչ պաշտոնական շառավիղներով, և այդ կուսակցությունից որևէ մեկը վերևից ներքև չի կարող խոսել ազատ, արդար սահմանադրական ընտրությունների մասին, կանխատեսել մայիսի 5–ի ընտրությունների որակն ու արդյունքը»,- ասել է Հովհաննիսյանը ի պատասխան Սերժ Սարգսյանի պնդմանը, թե այս ընտրությունները կգերազանցեն նախագահականին իրենց թափանցիկությամբ եւ այդուհանդերձ հույս հայտնել, որ մյուս կուսակցությունների հետ միգուցե հնարավոր լինի համագործակցել ընտրություններից հետո’ ավագանու շրջանակներում:

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր ընտրություն, հասկանում ենք իրականությունը, որի մեջ բոլորս ապրում ենք, մենք փոխելու ենք և արդեն փոխել ենք իրականությունը, բայց դա պետք է տանենք մինչև տրամաբանական ավարտ և քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Սահմանադրության երկրորդ հոդվածը պիտի բանեցնենք այս իշխանության վրա», նշել է Հովհաննիսյանն ու եւս մի անգամ հավելել, որ հասել է ժողովրդի սահմանադրական պայքարի հանգրվանին և որ ապրիլի 9-ը դառնալու է Նոր Հայաստանի ծնունդը։
Բացի քաղաքական զարգացումները, Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ իր հայրիկի եւ մայրիկի այցելությանն ու ասել, որ իր համար մեծ օրհնանք է, որ նրանք միացել են զորակցելու։
Հիշեցնենք, որ վաղը կրկին նշանակված է հանրահավաք Ազատության հրապարակում, որի ընթացքում սպասվում է ծրագրերի հստակեցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում