ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական գզվռտոց. մամուլ
Նմանատիպ
«Մինչ որոշ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ մեղադրում են լրագրողներին ու լրատվամիջոցներին «էթիկայի նորմերը խախտելու», իրենց զրպարտելու և վիրավորելու մեջ, մամուլն ու լրատվամիջոցներն այս օրերին ափիբերան հետևում են, թե ինչ է կատարվում ՀՀԿ-ԲՀԿ «ռազմաճակատում»: Էլ հեր ու մեր, էլ «քոպակ շուն» խառնել են իրար: Ոչ դիմացինի պաշտոնը, ոչ տարիքը, ոչ վաստակն այլևս դեր չի խաղում»,- գրում է «Հրապարակը» խմբագրականում և հավելում.
«Մեզ պարբերաբար դաստիարակության և էթիկայի դասեր տվողներն անցել են բոլոր սահմանները և անդաստիարակության ու գռեհկության վառ օրինակներ են տալիս բոլորիս: Մի բան պարզ է, որ սրանք այնքան քաղաքական գործիչներ չեն, որ երբ բանը հասնում է վեճին, դա անպայման վերածվում է քուչի կռվի, երբ տարաձայնություններ են ունենում, դրանք միայն հայհոյանքներով են արտահայտում, երբ նույն ճամբարում չեն, ուրեմն «շուն ու կատու են»: Մենք՝ մամուլի աշխատողներս, մի կողմից զվարճանում ենք այս գզվռտոցով, մյուս կողմից ստիպված ենք լուսաբանել այն, որքան էլ այդ ամենը ներկայացնելը տհաճ է, անգամ՝ զզվելի: Ինչ արած՝ սա է մեր քաղաքական դաշտը, որի մասին «քաղաքական» բառն անգամ օգտագործելը մեղք է:
Ինչո՞ւ մենք քաղաքակիրթ բանավիճել, գրագետ պայքարել չենք կարողանում: Եվ ինչո՞ւ է ցանկացած կոնֆլիկտ, անգամ կառավարության ու կուսակցության ղեկավարի մակարդակում, վերածվում երկու տնային տնտեսուհիների մազ փետելու տեսարանի: Թերևս խնդիրը մեր կրթության համակարգում է, որտեղ ոչ միայն ինքնուրույն մտածել, որոշումներ կայացնել, ընտրություն կատարել չեն սովորեցնում, այլև վիճելու կուլտուրա, հակառակորդի նկատմամբ հարգանք, դիմացինի կարծիքը լսելու ունակություն չեն սերմանում: Եվ ընդհանրապես՝ չեն սովորեցնում սիրել քեզ նմանին, անգամ եթե նա բոլորովին նման չէ քեզ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում