ԲՀԿ-ն քառապատիկ պատասխան է տալիս իրեն վիրավորողներին
Նմանատիպ
Հայտնի է, որ օրերս ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել, որ հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում իրեն հնարավորություն չի տրվել հարց ուղղել ՀՀ վարչապետին, որից հետո ՀՀԿ-ից մի քանի տարբեր գործիչներ պատասխանեցին Ուրիխանյանին և խորհուրդ տվեցին ԲՀԿ պատգամավորին և կուսակցությանը՝ գրավոր դիմել կառավարությանը: Գալուստ Սահակյանն էլ իր հերթին ավելացրել է, որ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի իշխանությունն է, թե՞ ընդդիմություն:
Նամակ գրելու փոխարեն Տ. Ուրիխանյանը հանդես եկավ վարչապետին արված մեկ այլ «առաջարկով» համաձայն որի, նա առաջարկում էր վարչապետին, որպիսի վերջինս անհապաղ մտնի ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրի:
Այս իրադարձություններից հետ սկսվեց ԲՀԿ-ՀՀԿ երիտթևերի ներկայացուցիչների միջև նամակագրական «վեճ» և այն արդեն մի քանի օր է ինչ շարունակվում է:
ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ, թե «Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղորդված և պատվիրված հակաքարոզչությունը՝ ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ «Սև PR»-ն իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն…
Պարոնա′յք, հարիր չէ թաքնվել ջահելների և օգնականների թիկունքում»:
Խոսելով այս հարցերի շուրջ’ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան ասաց, որ իրենց երիտասարդները որևէ մեկի հասցեին, որևէ վիրավորական արտահայտություն թույլ չեն տվել:
« Մենք ինքներս չենք եղել նախաձեռնողն այս «բանավեճի»: Մեր հասցեին եղել են արտահայտություններ, իսկ մենք ասել ենք, որ ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն ԲՀԿ-ի որևէ ներկայացուցչի հասցեին եռապատիկ, քառապատիկ պատասխան է ստանալու»,-հավելեց նա: